Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Ազգային բանկի նախագահին
Հունիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ուղեկցությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով հյուրերի այցը հայոց հոգևոր կենտրոն, գոհունակություն հայտնեց Հայաստանի և Արգենտինայի միջև նաև բանկային ոլորտում ձևավորված համագործակցության առիթով:
Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ Արգենտինայի հայ համայնքի ազգային-հոգևոր աշխույժ կյանքին և կազմակերպվածությանը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը, վերհիշելով Արգենտինա կատարած իր Հովվապետական այցերը, մասնավորաբար ասաց. «Մենք հպարտ ենք արգենտինահայ մեր զավակներով, ովքեր կարևոր ներդրում ունեն Արգենտինայի կյանքի առաջընթացի մեջ և երկրի հարգված ու սիրված քաղաքացիներն են»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիար Կառլոս Մելքոնյանն իր ուրախությունը հայտնեց Հայրենիք այցելության առիթով: Վերջինս Նորին Սրբությանը փոխանցեց նաև Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիի բարեմաղթանքներն ու ողջույնները:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` Հայաստան կատարելիք առաջիկա այցին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: