Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի նախագահին 27.06.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի նախագահին

     Հունիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրիայի Դաշնային Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:

     Ողջունելով Ավստրիայի նախագահի և նրա տիկնոջ այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն ուրախությամբ նշեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև հարաբերությունները զարգանում են և ընդլայնվում` նոր արդյունքներ արձանագրելով երկու երկրների համագործակցության նորօրյա պատմության մեջ: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Ավստրիայի նախագահի այցը նոր լիցք պիտի հաղորդի դարերի պատմական սերտ առնչակցություններ ունեցող երկու ժողովուրդների կապերի ամրապնդմանը:

     Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրիայի հայ համայնքի հանդեպ իշխանությունների կողմից դրսևորվող առանձնահատուկ ջերմ վերաբերմունքին: Նորին Սրբությունը մաղթեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները նոր արգասավորմամբ առաջընթաց ապրեն և երկու ազգերը` միմյանց աջակից ու զորակից, իրենց առաքելությունն իրականացնեն հանուն մարդկության բարօրության:

     Իր հերթին նախագահ Ֆիշերը ուրախություն հայտնեց հանդիպման համար, ապա անդրադարձավ Հայաստան իր այցի արդյունավետ ընթացքին և դրական տպավորություններին: Ավստրիայի նախագահը խոսեց նաև Ավստրիայում հայկական եկեղեցու և համայնքի առկայության կարևորության մասին, այնուհետև Ավստրիա այցելելու հրավեր ուղղեց Վեհափառ Հայրապետին:

     Զրույցի ընթացքում խոսվեց նաև Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ  Եկեղեցիների եղբայրական հարաբերությունների և գործակցության մասին, անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանմանն ի խնդիր կազմակերպվող հոգևոր առաջնորդների քառակողմ և եռակողմ հանդիպումներին:

     Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը և ՀՀ-ում Ավստրիայի դեսպան Միքայել Պոստլը: