Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ասորի Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ասորի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներ Բեյրութի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Մոր Կլեմես Դանիել Խուռիին, Պատրիարքարանի Արարողակարգի բաժնի ղեկավար Նորին Սրբազնություն Մոր Մորիս եպիսկոպոս Ամսինին, ինչպես նաև Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Մորան Մոր Բեչարա Բուտրոս ալ Ռահի ներկայացուցիչ Նորին Սրբազնություն Բուլոս արքեպիսկոպոս Սայային:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով Մյուռոնօրհնեքի արարողությանը բարձրաստիճան հոգևորականների մասնակցության համար, նշեց, որ նրանց աղոթքները շատ կարևոր են հայ ժողովրդի, Հայաստանի և Հայ Եկեղեցու համար:
«Աղոթքն ավելի զորավոր է, երբ արվում է եղբայրների հետ միասին», - այս առնչությամբ ընդգծեց Նորին Սրբությունը` վստահություն հայտնելով, որ Ս. Մյուռոնի օրհնությամբ Աստծու շնորհներն երկնքից առատորեն կհեղվեն ամենքի վրա:
Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձավ նաև Սիրիայում և Լիբանանում առկա դժվարություններին` հայցելով Երկնավորի օրհնությունն ու զորակցությունը քրիստոնյա եղբայրներին:
Հանդիպմանը ներկա էին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը: