Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտվերպենի համալսարանի ուսանողներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտվերպենի համալսարանի ուսանողներին 18.09.2011
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտվերպենի համալսարանի ուսանողներին

Սեպտեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բելգիայի Դաշնային Թագավորության Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան Վան Հոֆի գլխավորած ուսանողական խմբին, որի մեջ ընդգրկված երիտասարդները պատրաստում են իրենց մագիստրոսական թեզերը Հայաստանում կատարվող իրենց հետազոտությունների հիման վրա:
Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունեց երիտասարդներին և, կարևորելով նման ճանաչողական ձեռնարկները, հաջողություն մաղթեց նրանց օգտաշատ առաքելությանը: Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց պրոֆ. Վան Հոֆին արդեն ավանդույթի ուժ ստացած գեղեցիկ այս նախաձեռնության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը համալսարանականներին ներկայացրեց նաև խորհրդային շրջանում Եկեղեցու առջև ծառացած դժվարությունները: <<Ժողովրդի հոգու մեջ ապրող Եկեղեցին կյանք տվեց մեր խոնարհված ու փակված եկեղեցիներին>>, - նշեց Հայոց Հայրապետն իր խոսքում` գոհություն հայտնելով Աստծուն, որ զորեղ հավատքի զգացումն երբեք չի թողել մեր ժողովրդին, որի շնորհիվ անկախության քսան տարիների ընթացքում հոգևոր կյանքում արձանագրվել են ակնառու և հուսադրող ձեռքբերումներ: 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև ուսանողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին քրիստոնեական Եկեղեցիների միջև առկա վարդապետական տարբերություններին, հարաբերություններին և համագործակցությանը: