Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկներին
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնոյի շրջանի բժիշկների` ուղեկցությամբ Ֆրեզնոյում ՀՀ պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանի:
Պրն. Պերճ Աբգարյանը, ներկայացնելով արհեստավարժ բժիշկներին, Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ նրանք ժամանել են Հայաստան իրենց մասնագիտական հարուստ փորձառությամբ աջակցելու հատկապես Հայաստանի մարզերի բնակչությանը:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Մայր Աթոռ այցելած բժիշկների խմբին` ընդգծելով, որ վերջիններս օրհնյալ և աստվածահաճո առաքելություն են իրականացնում` առողջապահության ոլորտում իրենց անսակարկ ծառայությունը մատուցելով հայ ժողովրդի կարիքավոր զավակներին: Գարեգին Բ Հայրապետը մեծ գոհունակությամբ փաստեց այն, որ բժիշկների խումբը հոգալու է հատկապես մարզային բնակչության կարիքները:
Նորին Սրբությունը նաև անդրադարձավ Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությանը` հյուրերին ներկայացնելով վերջին տարիներին հայ հասարակության մեջ բժշկական հաստատության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծու օգնականությունն ու զորակցությունը հայցեց նրանց պատասխանատու առաքելության ընթացքին:
Հանդիպմանը ներկա էր նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: