Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմից ժամանած ուխտավորներին
Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Բոստոնի տարածաշրջանից Հայաստան ժամանած 46 ուխտավորների` ուղեկցությամբ ԱՄՆ Արևելյան հայոց թեմի Վոթերթաուն քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Առաքել քահանա Ալջալյանի և Մինիսոտայի Սուրբ Պողոս քաղաքի Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի:
Քահանա հայրերը, իրենց որդիական շնորհակալությունը հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար, տեղեկացրեցին, որ այս ուխտագնացությունը դեպի Մայր Հայրենիք թվով հինգերորդն է, որի շրջանակներում Սփյուռքում հանգրվանած հայորդիներին հնարավորություն է ընձեռվում մոտիկից ծանոթանալ ազգային-նվիրական արժեքներին և ստանալ Նորին Սրբության օրհնությունը, ապա խանդավառված վերադառնալ դեպի իրենց բնակության վայրերը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունն ու բարձր գնահատանքը փոխանցելով ուխտավորաբար համայն հայության հոգևոր կենտրոնում գտնվող հավատավոր հայորդիներին, ընդգծեց, որ իր համար շատ հաճելի է տեսնել ուխտավոր հայորդիների հոսքը դեպի Հայրենիք ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` հաղորդ և մասնակից լինելու հայ ժողովրդի ազգային ինքնությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում կարևոր նկատեց նաև այն, որ ներկա գտնվող ուխտավորներին հայրենիի հանդեպ ունեցած սերն ու ազգային բարձր գիտակցությունն է առաջնորդել Մայր Հայաստան:
Այս առիթով Նորին Սրբությունը, հայցելով Ամենակալ Աստծու օգնականությունն ուխտավորներին, մաղթեց, որ երանավետ երջանկության զգացումը նրանց մշտապես առաջնորդող լինի, որպեսզի շարունակեն այդ նույն հայեցի ոգով կրթել ու ամուր հավատքով դաստիարակել նաև մատաղ սերնդի ներկայացուցիչներին: