Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւելյան թեմի թեմական խորհրդի եւ ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներին
Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական խորհրդի անդամներին, Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի անդամներին` ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, թեմական խորհրդի ատենապետ տիար Օսկար Թաթոսյանի եւ ՀՕՖ գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանի առաջնորդությամբ:
«Եկել ենք Հայաստան` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մեր ուխտը վերանորոգելու հանդեպ մեր Եկեղեցու կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ հայտնելու Հայրենիքին մեր զորակցությունը»,-հանուն ներկաների ասաց Խաժակ արքեպիսկոպոսը` հաստատելով, որ Նորին Սրբության օրհնությամբ ՀՕՖ-ը շարունակելու է իր առաքելությունը հայրենի հողի վրա: Խաժակ Սրբազանը նշեց, որ ՀՕՖ-ի նոր շենքի բացումը, որ տեղի է ունենալու հունիսի 28-ին, առավել պիտի խանդավառի հիմնադրամին` իր ծառայության մեջ Հայրենիքին եւ Եկեղեցուն:
ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Օսկար Թաթոսյանն իր հերթին հանուն թեմական խորհրդի ողջունեց Նորին Սրբությանը` պատրաստակամություն հայտնելով ծառայելու եւ օգտակարություն ունենալու Հայոց Եկեղեցուն եւ Ամենայն Հայոց Հայրապետին:
Ապա Եկեղեցու հավատավոր եւ նվիրյալ զավակներին իր ողջույնի եւ օրհնության խոսքն ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով Հայրենիքում եւ Մայր Աթոռում նրանց գտնվելու առիթով: «Հայ օգնության ֆոնդի մասին խոսելով` անմիջապես մեր հիշողության մեջ վերարթնանում են այն ծանր օրերը, երբ մեր ժողովուրդն աղետավորված` օգնության կարիք ուներ, եւ ԱՄՆ-ից մեր նվիրյալ զավակները եղան առաջիններից, ովքեր փութացին օգնություն ցուցաբերել աղետյալ մեր զավակներին Հայաստանի մեջ: Եվ այդ առիթով Վազգեն Վեհափառի օրհնությամբ հիմնադրվեց ՀՕՖ-ը: Այդ տարիներից սկսած ՀՕՖ-ի իրականացմամբ շատ մեծ իրագործումներ են տեղ գտել հայրենական մեր կյանքից ներս` ուղղված ոչ միայն աղետի գոտու վերականգնմանը, այլեւ կարիքավոր մեր զավակների կյանքի բարվոքմանը եւ ընդհանրապես` Հայաստանի կյանքի առաջընթացին եւ զարգացմանը»,-ասաց Նորին Սրբությունը: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց աշխատանքները շարունակելու պատրաստակամության առիթով եւ նոր շենքի բացումը նկատեց իբրեւ վկայություն իրականացվելիք ծրագրերի լրջության եւ Հայրենիքին օգտակար ծառայության վճռականության: «Մեզ համար մեծ գոհունակություն է տեսնել, որ բարերար մեր զավակներն իրենց աջակցությունն ու զորակցությունը եւ օգտակար ծառայությունը մատուցում են ամենուր. նրանք այնտեղ են, որտեղ որ կարիք կա»,-նշեց Ամենայն Հայոց Հայրապետը` իր գնահատանքը հայտնելով ներկաներին, որոնց ազնիվ բարերարությամբ պայծառանում են ինչպես Հայրենիքը, այնպես եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց նաեւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդին` ժրաջան եւ արգասավոր ծառայության համար:
Հանդիպմանը ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմից ներկա էր նաեւ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: