Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան Հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին
Հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Արեւելյան եւ Արեւմտյան Հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին` ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի եւ Տ. Ավետիս քահանա Աբովյանի: Հանդիպման սկզբում Տեր Հայրերը Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին երիտասարդներին` տեղեկացնելով, որ թեմակալ առաջնորդներ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի եւ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ խմբերն ամեն տարի այցելում են Հայրենիք ուխտագնացության, ինչպես նաեւ «Հայկական ծառայողական ծրագիր» եւ «Քրիստոնեական երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագրերի շրջանակներում իրենց մասնագիտական ծառայությունն են բերում Հայաստանի մարզերից որևէ մեկում: Այնուհետեւ երիտասարդներին ողջունեց եւ իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով թեմերից երիտասարդների ամենամյա այցելությունների եւ Հայրենիքին իրենց սպասավորությունը բերելու պատրաստակամության համար: Իր խոսքում Նորին Սրբությունը ընդգծեց այսպիսի այցելությունների կարեւորությունը` նշելով, որ դրանք խանդավառում ու ոգեշնչում են երիտասարդներին եւ հնարավորություն են ընձեռում անձնապես տեսնել եւ ճանաչել Հայրենիքը` հաղորդակից դառնալով նրա բազմադարյա հարուստ մշակույթին եւ սրբազան արժեքներին:
Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին` նման այցելություններ կազմակերպելու եւ Սփյուռքի երիտասարդ հայորդիներին Հայրենիքը եւ իրենց ինքնությունը բացահայտելու հնարավորություն ընձեռելու համար: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այս ացելության արդյունքում երիտասարդները հոգեպես եւ գիտելիքներով հարստացած ու առավել խանդավառված պիտի վերադառնան իրենց բնակավայրեր:
Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. եւ Անմահ պատարագին: