Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱԷՄԳ գլխավոր տնօրենին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱԷՄԳ գլխավոր տնօրենին 19.04.2012
ԱԷՄԳ գլխավոր տնօրենը վեհարանում

     Ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյին` ուղեկցությամբ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի:

     Հանդիպմանը Նորին Սրբությունը ողջունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև ձևավորված համագործակցությունը` ուղղված Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործմանը: Վեհափառ Հայրապետը կարևորեց ԱԷՄԳ առաքելությունը ատոմային էներգետիկայի զարգացման և դրանից բխող զանազան վտանգների կանխարգելման մեջ` բարի արդյունավորում մաղթելով գործակալության աշխատանքներին:

     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև միջուկային էներգիայի վտանգներին, մասնավորապես վերջերս Ճապոնիայում արձանագրված ողբերգական միջադեպին: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ ԱԷՄԳ ջանքերի արդյունքում կնվազեն այդօրինակ վտանգները, իսկ մարդկությունը կգտնի այլընտրանքային միջոցներ` իր կյանքի առաջընթացն երաշխավորելու համար:

     Վերջում Վեհափառ Հայրապետը վերստին իր գնահատանքը հայտնեց գործակալությանը բոլոր այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ի նպաստ Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման: