Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց <<Եկեղեցիների համատեղ գործողություն>> Ալյանսի ներկայացուցիչներին
Փետրվարի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի <<Եկեղեցիների համատեղ գործողություն>> Ալյանսի (ACT Alliance) սոցիալ-հոգեբանական խմբի անդամներին` ուղեկցությամբ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանի:
ԵՀԽ <<Եկեղեցիների համատեղ գործողություն>> Ալյանսի գործունեությունն ուղղված է աղքատության հաղթահարմանը և արտակարգ իրավիճակների աղետալի հետևանքների վերացմանը ողջ աշխարհում: 2010թ-ին կազմակերպությունն ստեղծեց սոցիալ-հոգեբանական աջակցության խումբ, որի հիմնական գործառույթներն են սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրումը ծանր հոգեվիճակում հայտնված մարդկանց՝ աղետների դիմակայման ու նրանց իսկ մասնակցությամբ դրանց հետևանքների վերացման աշխատանքներում։
Հանդիպմանը խմբի անդամներն ուրախություն հայտնեցին խմբի տարեկան ժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար, ապա Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին եռօրյա ժողովի արդյունքները:
Այնուհետև Ալյանսի մարդասիրական առաքելությանը գնահատանքով անդրադարձավ Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Կլոր սեղան հիմնադրամի և Ալյանսի համագործակցության առիթով` ընդգծելով համատեղ իրականացվող բարեգործական ու կարողությունների զարգացման ծրագրերի կարևորությունը։
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը խմբին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական աշխատանքը, ինչպես նաև այդ ոլորտում ձևավորված համագործակցությունը Քույր Եկեղեցիների և միջազգային կազմակերպությունների հետ: