Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կալինինգրադի մարզի նահանգապետին
Հունիսի 19-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Գեորգի Բոոսի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց առավել ամրապնդվող եւ զարգացող երկկողմ հարաբերությունների, համագործակցության եւ երկու ժողովուրդների միջեւ բարի ավանդույթների պահպանման ու զորացման առիթով` կարեւոր նկատելով տարբեր ոլորտների գործիչների փոխայցելությունները: Վեհափառ Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց նահանգապետին հայ համայնքի նկատմամբ մարզային իշխանությունների ուշադիր եւ հոգատար վերաբերմունքի համար:
Իր հերթին պրն. Բոոսը, ուրախություն հայտնելով հերթական հանդիպման համար, ներկայացրեց այցի մանրամասները եւ արձանագրված արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձավ Կալինինգրադի մարզում հայ ժողովրդի զավակների աշխույժ համայնքային կյանքին եւ կարեւոր ներդրմանը մարզի կյանքի տարբեր ոլորտներում: