Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավարտական վկայականներ հանձնեց Աստվածաշնչի ուսուցման դասընթացների մասնակիցներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավարտական վկայականներ հանձնեց Աստվածաշնչի ուսուցման դասընթացների մասնակիցներին

Հուլիսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Աստվածաշնչի ուսուցման դասընթացների ավարտական վկայականների բաշխման արարողությունը:

Հայաստանի Աստվածաշնչային ընկերության կողմից կազմակերպված այս դասընթացներին մասնակցել է 110 անձ` Երևանի համայնքային դպրոցների ուսուցիչներ, պետական ԲՈՒՀ-երի ուսանողներ և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի աշխատակիցներ:

Տերունական աղոթքից հետո դասընթացների մասնակիցներին ողջունեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը` համառոտ ներկայացնելով դասընթացների ընդհանուր պատկերն ու նպատակը: Սրբազան Հայրն ընդգծեց, որ Սբ. Գիրքը հարատև մեկնության և սերտողության կարիք ունի և մեր հասարակությունն այսօր ևս կարիք ունի ընթերցելու և ըմբռնելու Աստվածաշնչի հիմնական պատգամը` Աստծո խոսքն ուղղված մարդկանց: Այս նկատառումով է Աստվածաշնչային Ընկերությունը ձեռնամուխ եղել Սբ. Գրքի ուսուցման, որպեսզի Աստվածաշնչյան պատգամը փոխանցվի հայ հասարակության լայն շրջանակներին` սկսած համալսարանների ուսանողներից մինչև ամենապարզ հավատացյալը:

Այնուհետև մասնակիցներից մանկավարժ Գայանե Կարապետյանը և ուսանողուհի Շահանե Հարությունյանն իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին Վեհափառ Հայրապետին, Եզնիկ Սրբազանին և իրենց դասախոսներին` Աստվածաչնչի սերտողության դասընթացներին մասնակցելու հնարավորության համար` մեծապես կարևորելով օգտաշատ այս ձեռնարկը:

Դասընթացի ավարտական վկայականների բաշխումից հետո ամենքին իր հայրապետական օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով Աստվածաշնչային ընկերության այս նախաձեռնությունը` Նորին Սրբությունը քաջալերեց, որպեսզի այն շարունակական բնույթ կրի` հնարավորություն ընձեռելով բազում հայորդիների` գիտելիքներ ձեռք բերել Ս. Գրքի ուսուցման և Աստվածաշնչի պատգամի ճիշտ ու շիտակ ընկալման առնչությամբ: Անդրադառնալով Աստվածաշնչի ուսուցման կարևորությանը` Վեհափառ Հայրապետը նշեց, որ Ս. Գիրքն որպես Աստծո պատգամ ընթերցող անհատի կյանքը գեղեցկանում է, փոխվում է նրա կենսակերպը, նա դառնում է ավելի բարի և սիրով առլեցուն, որովհետև Աստվածաշնչով նա Աստծո հետ է ընթանում, Աստծո պատվիրաններով ու պատգամներով առաջնորդվում:

ՙՄենք վստահ ենք, որ Աստվածաշնչի ճիշտ ըմբռնումը պիտի զորացնի մեր զավակների հավատը, նրանց հավատարմությունը մեր Եկեղեցու և մեր հայրերի սուրբ հավատքի հանդեպ, պիտի ամուր պատնեշ կանգնեցնի բոլոր օտար քարոզիչների առջև և զերծ պահի մեր զավակներին շեղումներից, մոլորություններից և սայթաքումներից, որովհետև մեր հավատքը, մեր հայրերի հետ սերտ կապն ու հաղորդակցությունը և մեր ազգային արժեքներն են կազմում մեր ինքնության ամբողջությունը՚, - ասաց Նորին Սրբությունը` վերստին ուրախություն հայտնելով, որ Աստվածաշնչի ուսուցման դասընթացները մուտք են գործում հայորդիների կյանքից ներս:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց դասընթացների նախաձեռնող Եզնիկ Սրբազանին և բոլոր այն անձանց, ովքեր մասնակցություն են բերել ծրագրին որպես դասախոս և մասնակից: