Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց հայկական եկեղեցիներ եւ Խոջիվանքի պանթեոն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց հայկական եկեղեցիներ եւ Խոջիվանքի պանթեոն 13.06.2011

Հունիսի 11-ին Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Համայն Վրաստանի Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հանդիպումից հետո Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ս. Նշան եւ Մուղնեցոց Ս. Գեւորգ եկեղեցիներ:

Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն, ուր Նորին Սրբությունը ծաղիկներ դրեց Խոջիվանքի պանթեոնում թաղված հայ մտավորականների շիրիմներին, ապա կատարվեց հոգեհանգստյան արարողություն: Աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը իր օրհնությունը բերեց ներկա բազում հավատացյալներին: Նորին Սրբությունն անդրադարձավ Վրաստան իր այցի նպատակին. ՙԵկել ենք` մեր զավակներին բերելու օրհնություն Սուրբ Էջմիածնից, բերելու սեր ու կարոտ աշխարհասփյուռ մեր զավակներից, բերելու նաեւ մեր գնահատանքը ձեզ ամենքիդ, որ նախանձախնդիր կերպով ու հավատարիմ ձեր հայրերի սրբազան ավանդներին ու ժառանգությանը, ձեր հայրերի սուրբ հավատքին շարունակում եք աշխույժ ու բարգավաճ պահել հայ կյանքը Վրաստանում: Այսօր մեզ համար հոգեկան անհուն մխիթարություն է, որ ձեզ հետ միասին մենք աղոթք բարձրացրեցինք հիշատակի առջեւ մեր ժողովրդի մեծանուն զավակների, ովքեր փառավոր էջերն են կերտել վիրահայոց պատմության, ինչպես նաեւ փառավոր էջեր հայ մշակույթի պատմության մեջ՚, - նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում:

Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելեց Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի նստավայր: Երեկոյան Թբիլիսիի Դավթյանների տիկնիկային թատրոնի տանը Նորին Սրբությունը հանդիպեց եւ իր օրհնությունը բերեց Թբիլիսիի հայ մտավորականության ներկայացուցիչներին: Հայ մշակույթի նվիրյալները Հայոց Հայրապետին դիմավորեցին ասմունքով, ինչպես նաեւ թատրոնի տնօրեն Ժաննա Դավթյանի կողմից բեմադրված ներկայացմամբ: Ջերմ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Թբիլիսիի հարուստ եւ աշխույժ հայ մշակութային կյանքին, ինչպես նաեւ մշակութային եւ հասարակական գործիչների համագործակցությանը Վիրահայոց թեմի հետ: