Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ստամբուլի հայոց եկեղեցիներ, կրթօջախներ եվ Սուրբ Փրկիչ հիվանդանոց
Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը շքախմբի ուղեկցությամբ Ստամբուլում այցելեցին Բաքրգյուղի Ծնունդ Սբ. Աստվածածնի եկեղեցին եւ եկեղեցուն կից Տատյան վարժարանը:
«Հրաշափառ»-ի արարողությունից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց ներկա հավատավոր ժողովրդին, ապա Կ.Պոլսի Հայոց Պատրիարքի հետ ներկա գտնվեց վարժարանի սաների կողմից պատրաստված հանդիսությանը: Եկեղեցին եւ վարժարանը գտնվում են Ստամբուլի այն հատվածում, ուր թվով երկրորդ մեծ հայ բնակչությունն է ապրում:
Հանդիսության ավարտին Վեհափառ Հայրապետը հանդիպեց շուրջ 400 սաների, ուսուցիչների, տնօրինության եւ հարյուրավոր հավատացյալների հետ` ընդգծելով պոլսահայության` ազգային կյանքում ունեցած կարեւոր դերը շուրջ 500 տարիների ընթացքում: Նորին Սրբությունը մեծապես կարեւորեց եկեղեցու եւ դպրոցի միմյանց մերձ գտնվելը եւ Հայրապետական իր գնահատանքը հայտնեց համայնքի ծխական խորհրդին, տնօրինությանը եւ վարչությանը իրենց նվիրյալ ծառայության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց նաեւ վարժարանի սաներին իրենց տաղանդաշատ ելույթների համար եւ հրավիրեց Հայաստան` այցելելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ հովանու ներքո գործող Հայորդյաց տները:
Այնուհետեւ Հայրապետական պատվիրակությունը ուղղվեց դեպի Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոց, ուր իրենց դիմավորեց Հիվանդանոցի հոգաբարձու եւ Հովվապետական այցի կազմակերպիչ հանձնախմբի նախագահ տիար Պետրոս Շիրինօղլուն: Սրբազան Պատրիարքը հանգամանորեն ներկայացրեց հիվանդանոցի պատմությունը` նշելով, որ այն հաստատվել է ավելի քան 175 տարի առաջ եւ ներկայիս Թուրքիայում մեծագույն հայկական ազգային հաստատությունն է: Ամենապատիվ Պատրիարքը նաեւ նշեց, որ այն եղել է Օսմանյան կայսրության առաջին հիվանդանոցը եւ այսօր էլ շարունակում է իր առաքելությունը երկրի հայ համայնքի կյանքում: Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հովանու ներքո նաեւ գործում են ծերանոց եւ հաշմանդամ երեխաների կենտրոն:
Ամենայն Հայոց Հովվապետն այցելեց հիվանդներին, հանդիպեց բժշկական անձնակազմի, վարչության եւ հոգաբարձուների հետ: Հիվանդանոցի մատուռում Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` հաստատության բոլոր բարերարների հոգիների խաղաղության համար:
Իր խոսքում Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց Սրբազան Պատրիարքին եւ բժշկական կենտրոնի հոգաբարձուներին` նշելով, որ հիվանդանոցի մատուցած ծառայությունը սքանչելի արտահայտությունն է քրիստոնեական քարոզչության եւ սիրո: Նորին Սրբությունը նշեց, որ յուրաքանչյուր անհատ կոչված է ծառայության իր նմանին, եւ Սուրբ Փրկիչ հիվանդանոցն իր մարդասիրությամբ եւ բարերարությամբ ծառայության քրիստոնեական առաքելության լավագույն օրինակն է:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց հիվանդանոցի թանգարան:
Կեսօրին Ամենայն Հայոց Հովվապետն այցելեց նաեւ Սամաթիայի Սուրբ Գեւորգ եկեղեցի, որ մինչեւ 1641թ. եղել է Կ.Պոլսի Հայոց Պատրիարքների նստավայրը: Նորին Սրբությունը ողջունեց եւ օրհնեց խուռներամ ժողովրդին` հորդորելով հավատարիմ մնալ Մայր Եկեղեցուն եւ ազգային արժեքներին:
Վեհափառ Հայրապետն այցելեց նաեւ եկեղեցու հարեւանությամբ գտնվող պատմական Սահակյան ազգային վարժարանը, հանդիպեց կրթօջախի սաների, ուսուցիչների եւ տնօրինության հետ: