Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մարմարա

Հունիսի 22-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ն եւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արք. Մութաֆյանը մեկնեցին Մարմարա ծովում գտնվող Հեյպել կղզին, ուր այցելեցին Սուրբ Երրորդություն հույն ուղղափառ վանքը եւ Տիեզերական Պատրիարքության հայտնի աստվածաբանական ճեմարանը:

Վանքի միտրոպոլիտ վանահայրը ուրախությամբ ողջունեց բարձրաստիճան հյուրերին` նշելով, որ Հեյպել կղզու բնակչությունը եւ եկեղեցականները մեծ հարգանքով, խանդավառությամբ ու սիրով են ողջունում Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վանահայրը հաստատեց, որ Հայոց Հայրապետի այցը վկայությունն է Իստամբուլի հայ եւ հույն համայնքների միջեւ առկա ջերմ եղբայրության ու սիրո` շնորհակալություն հայտնելով Նորից Սրբության պատվավոր այցելության համար:

Իր հերթին, Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց ջերմ ընդունելության համար` կարեւորելով հոգեւորականաց նոր սերնդի պատրաստությունը` Եկեղեցուն եւ ժողովրդին ծառայության գործում եւ գոհություն հայտնեց Երկնավոր Տիրոջը` իրենց կյանքն Աստծուն ընծայող անհատների դաստիարակության եւ պատրաստության նպատակով Եկեղեցիների առաջնորդներին ընձեռված հնարավորության համար: Նորին Սրբությունն ընդգծեց հույսի կարեւորությունը կենաց պայքարում եւ այն առաքելության իրականացման գործում, որին կոչված են ամենքը: Հայոց Հայրապետը մասնավորաբար աղոթեց կղզում գտնվող Տիեզերական Պատրիարքարանի ճեմարանի վերաբացման համար, որ 1970-ականներին փակվել էր Թուրքիո իշխանությունների կողմից` նշելով, որ Հայ Եկեղեցին միշտ աջակից է իր Քույր Եկեղեցիներին բոլոր դժվարությունների մեջ:

Այնուհետեւ հայ եւ հույն պատվիրակություններն այցելեցին նաեւ կղզու պատմական գրադարանը եւ ծանոթացան վանական համալիրին:

Կեսօրին երկու Հայրապետները շքախմբի ուղեկցությամբ մեկնեցին իր հայկական մեծաթիվ բնակչությամբ հայտնի Քնալը կղզին եւ այցելեցին հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Բազում հայորդիներ` խմբված հայկական եկեղեցում, ողջունեցին Նորին Սրբություն Գարեգին Բ, Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա հայրապետների եւ Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքի այցը եւ մասնակցեցին համատեղ աղոթքի արարողությանը: Եկեղեցում երկու հայրապետներին ողջույնի խոսքով դիմեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքը` ուրախություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջին Հովվապետական այցի առիթով:

Բարեպաշտ հավատավոր իր հոտին Հայրապետական իր խոսքն ուղղեց նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` նշելով, որ Իր այցը Թուրքիա հնարավոր դարձավ համատեղ հրավերով Տիեզերական Պատրիարքի եւ Կ.Պոլսի Հայոց Պատրիարքի, եւ ուրախություն հայտնեց միասնաբար աղոթելու, ինչպես նաեւ Հայ եւ Հույն Եկեղեցիների միջեւ հարաբերությունները ամրապնդելու հնարավորության համար, ինչը կնպաստի Քույր Եկեղեցիների միջեւ համագործակցության առավել զարգացմանը: Հղելով Հայրապետական օրհնությունները համախումբ հայորդիներին` Վեհափառ Հայրապետն աղոթեց աշխարհում խաղաղության եւ սիրո համար: Նորին Սրբությունը գնահատանքով նշեց, թե որքան հայտնի է պոլսահայ համայնքը իր հավատարմությամբ հանդեպ Մայր Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես նաեւ ամուր հավատով եւ սիրով հանդեպ ազգային, մշակությային եւ հոգեւոր արժեքները: Գարեգին Բ Հայրապետն անդրադարձավ նաեւ պատմության ընթացքին եւ այսօր Կ.Պոլսի հայ համայնքի ազգային կյանքում ունեցած ավանդին, որի շնորհիվ մշտապես պահպանվել է քրիստոնեական կյանքը Ստամբուլում: Նորին Սրբությունը հորդորեց նրանց հավատարիմ մնալ իրենց հավատին եւ հույսին` հաստատուն մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Եկեղեցուն եւ հայ համայնքին իրենց ծառայության ճանապարհին:

Վերջում Նորին Սրբությունը հրավիրեց Նորին Ամենասրբությանը եւ Ամենապատիվ Պատրիարքին Սուրբ Գրիգորի խորանից միասնաբար օրհնելու բարեպաշտ ժողովրդին: Արարողությունից հետո ի պատիվ հյուրերի Եկեղեցու պարտեզում կազմակերպվեց ընդունելություն: