Ամենայն Հայոց Կաթողիկոսն Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններ հանձնեց
Սեղմել այստեղ` Տեսահոլովակը դիտելու համար
Մայիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Վեհարանի Հանդիսությանց դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց Կաթողիկոսի նախագահությամբ եւ մասնակցությամբ ՀՀ. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանության եւ բազմաթիվ հյուրերի, տեղի ունեցավ ՀՀ. Ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանին, գրող-հրապարակախոս Զորի Բալայանին եւ մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանին Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների տվչության արարողությունը:
Բացման խոսքից հետո մեծարյալներից Վլ. Գասպարյանին եւ Զորի Բալայանին ներկայացրեց ՀՀ. Պաշտպանութան նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով վերջիններիս գործունեության, իսկ Էդ Տեր-Ղազարյանի արվեստին ու աստվածատուր բացառիկ տաղանդին անդրադարձավ ՀՀ. ԳԱԱ Կենսաքիամիայի ինստիտուտի Աչքի հետազոտության լաբորատորիայի վարիչ կենսաբանական գիտությունների թեկնածու Անդրանիկ Պետրոսյանը:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Հանդիսությանց դահլիճ բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցեցին Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպս. Քարամյանը, Զինված Ուժերի Հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանը եւ Մայր Աթոռի Դիվանապետ Տ. Արշակ եպս. Խաչատրյանը:
ՀՀ. Ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայորՎլադիմիր Գասպարյանին ուղղված կոնդակում մասնավորապես ասված էր.«Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Դուք անխոնջ նվիրումով տասնյակ տարիներ ազնիւ ծառայություն եք մատուցում մեր երկրին ու հարազատ ժողովրդին: Հայաստանի անկախությունից հետո Դուք մասնագիտական Ձեր կարողությունները, հարուստ փորձառությունն ու հմտությունները հոգու նվիրումով ի սպաս եք բերում մեր երկրի իրավապահ համակարգի եւ Հայոց Բանակի կայացմանն ու զորացմանը: Ձեր նախանձախնդիր ու արդյունաշատ ծառայության խոսուն վկայություններն են պետական պարգեւներն ու բարձր կոչումները:
Այսօր ուրախ առիթ ունենք անդրադառնալու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն մատուցած Ձեր ծառայություններին, որ արտայայտությունն են առ Աստված Ձեր անկեղծ հավատի: Դուք որդիական սիրով գովարժան օժանդակություն եք բերել Գեղարդավանքի, Հաղարծինի, Կեչառիսի վանական համալիրի, Կոտայքի մարզի Ակունք գիւղի Սբ. Կարապետ եկեղեցու նորոգությանն ու բարեզարդմանը` Ձեր բարի գործերով օրինակ դառնալով հայորդյաց համար: Գոհունակություն է Հայրապետիս համար, որ զօրավոր է մեր ժողովրդի զավակների նախանձախնդրությունը հնագույն մեր սրբավայրերի շինության ու պահպանության նկատմամբ, որոնք դարեր շարունակ աստուածային օրհնություն են սփռում նուիրական մեր հողին»: Հայրապետական սրբատառ կոնդակով Վլ. Գասպարյանին, ի գնահատություն ժողովրդին ու Եկեղեցուն մատուցած իր ծառայությունների շնորհվեց «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանը:
Գրող-հրապարակախոս Զորի Բալայանին Նորին Սրբության Հայրապետական սրբատառ կոնդակով շնորհվեց «Ս.Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը` հայրենի մեր երկրին ու հարազատ ժողովրդին մատուցած բազմարդյուն ծառայությանց համար:« Ազգային, հասարակական, գրական-ստեղծագործական տասնյակ տարիների բեղմանավոր գործունեության շնորհիվ Ձեր անունը ծանօթ ու սիրելի է մեր ժողովրդի զավակներին: Արցախյան հերոսամարտի ակունքներում եք Դուք` որպես գաղափարական պայքարի առաջամարտիկ: Հավատաւոր ու հայրենասեր Ձեր հոգու կանչով Դուք նվիրվեցիք հայրենի մեր Արցախ աշխարհի ազատագրման սրբազան գործին եւ մեր մտավորականության ներկայացուցիչների հետ միասին արցախահայության ու համայն մեր ժողովրդի ձայնը խիզախորեն հնչեցրեցիք Խորհրդային Միության բարձր ատեաններում, պաշտպանելով ազգային մեր արդար դատը: Հայրենի մեր Երկրին ու Արցախին պարտադրված պատերազմի տարիներին մշտապէս եղաք Աստուածպարգեւ մեր հայրենիքը պաշտպանելու ելած հայրենասեր նվիրյալների կողքին` ոգեշնչելով քաջորդի Մեր զաւակներին ու մասնակցելով մեր հաղթանակների կայացմանը:
Ներկայիս Դուք աննվազ եռանդով շարունակում եք Ձեր ազգանվեր գործունեությունը` տարբեր հանձնառություններով ու նախաձեռնություններով ծառայելով ի խնդիր Հայրենի մեր Երկրի բարգավաճման ու առաջընթացի, Արցախի անկախության ճանաչման, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զորացման ու առավել արգասավորման եւ համայն մեր ժողովրդի միասնականության ամրապնդման: Առանձնակի գոհունակություն է Հայրապետիս համար նշել, որ կյանքի ողջ ընթացքին Դուք դրսեւորել եք Ձեր հոգու ջերմ սերն ու նվիրումը` հանդեպ մեր Եկեղեցին եւ հոգեւոր մեր սրբազան կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- ասված էր Զորի Բալայանին ուղղված կոնդակում:
Մեծարյալներից մանրաքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանին շնորվեց «Ս. Սահակ Ս. Մեսրոպ» շքանշանը իբրեւ գնահատանք արովեստի ասպարեզում բեղմնավոր գործունեության: «Ուրախ ենք մեծապես գնահատանքի խոսք ուղղել տաղանդաշատ հայորդուդ, որ երկնապարգեւ Ձեր շնորհները անհոգնաբեկ ու տքնաջան աշխատանքով ծառայեցնում եք հայ մշակույթի զարգացմանը: Հայ ժամանակակից արվեստի մեջ ուրույն տեղ ու մեծ ճանաչում ունեն Ձեր մանրաքանդակները: Խոշորադիտակով միայն տեսանելի Ձեր զարմանահրաշ գործերը տասնյակ տարիներ ցուցադրվում են բազմաթիվ երկրների հայտնի թանգարաններում ու ցուցասրահներում, այդ թվում Մայր Աթոռիս թանգարանում` հիացմունք պարգեւելով այցելուներին եւ արժանացնելով Ձեզ միջազգային մրցանակների, բարձր կոչումների ու պարգեւների: Ձեր անունն արժանապես դասված է տաղանդավոր ու շնորհալի հայորդյաց շարքին, ովքեր իրենց գործունեությամբ պատիվ ու հռչակ են բերել Հայրենի մեր Երկրին ու ժողովրդին ամբողջ աշխարհում:
Արվեստասեր հասարակությանը Դուք ծանոթ եք նաեւ որպես նվիրյալ ու շնորհալի երաժիշտ: Կես դար շարունակ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբում Դուք Ձեր գործընկերների հետ միասին բարձրարվեստ կատարումներով մեր ժողովրդին մատուցել եք դասական երաժշտության գոհարները:Լինելով քահանայի թոռ, Դուք կրթվել ու մեծացել եք Քրիստոսասեր ոգով, հավատարմությամբ առ ազգային մեր սրբություններն ու հայրենական արժեքները: Մենք ճանաչում ենք Ձեզ անձնապես եւ մշտապես ականատես ենք եղել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հանդեպ Ձեր անկեղծ սիրուն ու նվիրումին»,- ասված էր Հայրապետական սրբատառ կոնդակում:
Կոնդակների ընթերցանությունից հետո Վեհափառ Հայրապետը մեծարյալների կուրծքը զարդարեց պատվո բարձր շքանշաններով, որից հետո երեք մեծարյալներն իրենց երախտիքի խոսքերն արտահայտեցին Վեհափառ Հայրապետին նման բարձր պարգեւի արժանացնելու համար:
Հավարտ արարողության ներկաներին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բաշխեց Նորին Սրբությունը.«Բոլորիս հոգին այս պահին ցնծություն է ապրում, որովհետեւ մեր ժողովրդի բազում արժանավոր զավակներից երեք հոգու` տիարք Վլադիմիր Գասպարյան, Զորի Բալայան եւ Էդուարդ Տեր-Ղազարյան, այսօր այստեղ ենք բերել Մեր գնահատանքի խոսքն ասելու եւ նրանց կուրծքը զարդարելու Առաքելական մեր Մայր Եկեղեցու պատվո բարձր շքանշաններով: Բոլորիս էլ քաջածանոթ են նրանք եւ ներկայացնելու կարիք չունեն:Հայրապետական կոնդակներում արդեն ներկայացվեցին երեք մեծարյալները եւ Մենք այս պահին կուզեինք անդրադառնալ նրանց երեքին էլ բնորոշ մի հատկության` խիզախության` մտքի ոգու եւ գործունեության խիզախության: Մեկն իր գործով իր գիտելիքնեորվ ու փորձառությամբ իր անուրանալի նպաստն է բերում հայրենի մեր երկրի զորացմանը, մյուսն իր գրչով գաղափարական ներշնչանք է հաղորդում մեր զավակաց եւ երրորդն իր աստվածապարգեւ տաղանդով զարմացնում է համայն աշխարհին իր արվեստի գլուխգործոց գործերով:Եվ այդ խիզախությունը, որ լավագույնս դրսեւորվել է նրանց գործունեությաան մեջ բարի օրինակ է մեր մատաղ սերնդի, մեր երիտասարդների, պատանիների եւ մանուկների համար, ովքեր իրենց բարի ընթացքով ու կենցաղավարությամբ պիտի ընդօրինակողը լինեն արժանավոր մեր հայորդյաց: Թող Տերն օրհնի Ձեզ, կենաց բազում արեւշատ տարիներ ու ներշնչանքներ պարգեւի եւ Սուրբ Հոգու շնորհներն առատաբար հեղի մեր երկրի ու ժողովրդի վրա»,- նշեց Վեհափառ Հայրապետն իր խոսքում: Տվչության արարողությունն իրենց գեղեցիկ կատարումներով զարդարեցին «Հայաստանի նոր անուններ» մանկա-պատանեկան համույթի կատարողներն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նորքի Հայորդաց տան սաները: