Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Մեքսիկայի հայ համայնքներն ընդգրկվել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով Մեքսիկայի հայ համայնքներն ընդգրկվել են ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմում

  

   Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի խնդրանքին ընդառաջ` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից առանձնացվել են Մեքսիկայի հայ համայնքները և ընդգրկվել ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի կազմի մեջ` հաշվի առնելով նաև Մեքսիկայի ու Կալիֆորնիայի հայ համայնքների փոխադարձ սերտ առնչություններն ու Մեքսիկայի աշխարհագրական դիրքի նպատակահարմարությունը:
   Ստորև ներկայացվում է Հայրապետական կոնդակն ամբողջությամբ:

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
   ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
   ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
   ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
   ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
   ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
   ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
   ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
   ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
   ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

   Գոհութիւն և փառք ենք մատուցում առ Բարձրեալն Աստուած, որ օրհնում է զաւակներին ազգիս հայոց` մեր հայրերի սուրբ հաւատքի անխախտ վէմի վրա շէն ու պայծառ պահելու ազգային ու հոգևոր իր կեանքի անդաստանը ի սփիւռս աշխարհի:

   Տակաւին 19-րդ դարում, երբ Oսմանեան կոտորածներից մազապուրծ հայութիւնը բնակութիւն հաստատեց Հիւսիսային Ամերիկայում, երջանկայիշատակ Խրիմեան Հայրիկ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական Կոնդակով հաստատեց թեմական կառոյց Հիւսիսային Ամերիկա մայրցամաքում, որպէսզի   արդիւնաւոր լինի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու սպասաւորութիւնը հաւատաւոր մեր հայորդիներին, և հայրենակարօտ մեր ժողովուրդը անմասն չմնայ հոգևոր խնամատարութիւնից:   Հետագայ տարիներին և յատկապէս Հայոց Ցեղասպանութեան հետևանքով առաւել մեծ թուով հայորդիներ կեանքի ապահովութիւն գտան Հիւսիսային Ամերիկայում: Հայ համայնքներ ձևաւորուեցին Միացեալ Նահանգների Արևելեան, այնուհետև նաև Արևմտեան շրջաններում և Կանադայում:  Մեր ժողովրդի հոգևոր կեանքը կազմակերպելու և հոգատարելու նպատակով, ընդառաջ եկեղեցական վարչութիւնների խնդրանքին, Գևորգ Ե և Վազգէն Ա երջանկայիշատակ Հայրապետները հաստատեցին ԱՄՆ Հայոց Արևմտեան և Կանադայի հայոց թեմերը:   Վերջին տասնամեակներին ժողովրդագրական տեղաշարժերի արդիւնքում մեծացել է հայորդեաց թիւը նաև Մեքսիկայում: Այս ընթացքում այցելու հոգևորականների միջոցով մեր Եկեղեցին ջանքեր է բերել, որպէսզի Մեքսիկայում բնակեալ հայորդիները իրենց հոգևոր ու ազգային կեանքը կառուցեն մեր հայրերի սուրբ հաւատի նուիրական վէմի վրա և անխախտ պահեն իրենց հոգևոր ու ազգային ինքնութիւնը:   Այսօր հրամայական է առաւել մեծ հոգևոր խնամք ու հոգատարութիւն մատուցել Մեքսիկայում բնակեալ մեր ժողովրդի զաւակներին: Այս առումով ընդառաջելով ԱՄՆ Հայոց Արևելեան և Արևմտեան թեմերի խնդրանքին և հաշվի առնելով Մեքսիկայի ու Կալիֆորնիայի հայ համայնքների փոխադարձ սերտ առնչութիւններն և Մեքսիկայի աշխարհագրական դիրքի նպատակահարմարութիւնը` Հայրապետական այսու Կոնդակով Մեքսիկայի հայ համայնքները առանձնացնում ենք ԱՄՆ Հայոց Արևելեան թեմից և ընդգրկում ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմի կազմի մէջ:   Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք յղում ԱՄՆ Հայոց Արևմտեան թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան Արքեպիսկպոս Տէրտէրեանին, յորդորելով հովուական նախանձախնդիր սպասաւորութեամբ ջանքեր բերել Մեքսիկայում համայնքային կառոյցների ձևաւորմանը և արդիւնաւոր գործունէութեանը:   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնը, սէրն ու բարեմաղթանքներն ենք յղում Մեքսիկայում բնակեալ հաւատաւոր Մեր սիրելի զաւակներին: Ի խորոց սրտի աղօթում ենք և հայցում, որ Բարձրեալն Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ պահպանի մեքսիկահայ համայնքը և երկնառաք Իր ամենակեցոյց շնորհներով առատապէս օրհնի ու պայծառացնի ազգային ու հոգևոր կեանքը Քրիստոսասէր մեր ժողովրդի այժմ և յաւիտեանս. ամէն:   «Թագաւոր Երկնաւոր, զեկեղեցի Քո անշարժ պահեա և զերկրպագուս անուանդ Քում պահեա ի խաղաղութեան»:

 

Օրհնութեամբ`

 

ԳԱՐԵԳԻՆ Բ
 ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ