Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
<<Լեր հաւատարիմ...,
և տաց քեզ զպսակն կենաց>>:
(Յայտ. Բ 10)
<<Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան և ի Սփյուռս,
Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի տոնական խնդությամբ այս սուրբ տաճարում այսօր Հայաստանի Նախագահ տիար Սերժ Սարգսյանի և Արցախի Նախագահ տիար Բակո Սահակյանի, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, հայոց պետական ավագանու, հոգևոր հայրերի, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների և ձեզ հետ կատարեցինք Հանրապետական մաղթանք և միասնաբար աղոթք բարձրացրեցինք հայրենի մեր պետության ամրության ու հաստատունության, խաղաղության ու բարօրության համար:
Անկախ պետականության վերականգնումը մեր ազգային կյանքի ամենամեծ իրադարձությունն է, որը նոր հույսեր է բերել մեզ և նոր հորիզոններ պարզել մեր առաջ: Այսօր առ Աստված գոհության, հպարտության, երջանկության զգացումներն են մեր հոգիներում: Երջանիկ ենք, այո, քանզի հայոց պետականության վերականգնման այս օրհնյալ օրը շատ սերունդներ են երազել, այս օրվա համար մեր ժողովրդի մեծանուն շատ զավակներ են ջանք ու նվիրում ներդրել և շատերն` իրենց կյանքը ընծայաբերել: Երջանիկ ենք, երջանիկ ենք նաև մեր պապերի ու հայրերի փոխարեն, ովքեր վառ պահեցին ու սերնդեսերունդ փոխանցեցին հայոց անկախ պետականության սերն ու ձգտումը: Երջանիկ ենք համոզումով, որ հայոց պետականության դրոշի ներքո մեր ժողովուրդը իր Հայրենիքը պիտի դարձնի երկնային օրհնությամբ լի երկիր դրախտավայր, որը լինի միշտ սյունն ու պատվարը աշխարհասփյուռ հայ կյանքի, մեր ինքնության արմատն ու ակունքը և ձգող ուժն ու առանցքը Արարատի շուրջ ազգիս վերախմբման:
Երկար ու դժվարին եղավ մեր անկախ պետականության վերականգնման ուղին: Դարեր շարունակ զրկված լինելով հայրենի պետականությունից` մեր ժողովուրդը կրել է հալածանք, տեսել ավեր ու կողոպուտ, ենթարկվել ցեղասպանության, հայրենազուրկ ու աշխարհասփյուռ եղել: Հայրենիքի փոքրիկ մի հատվածում, որը մաս կազմեց Խորհրդային Միության, մեր ժողովուրդը գտավ փրկություն, իր կյանքը կառուցելու, իր մշակույթը զարգացնելու ապահովություն, բայց նաև ապրեց մորմոքը փլուզված ու փակված եկեղեցիների, մոռացավ աղոթքն ու շարականը, ապրեց անազատ և կրեց նեղությունները բռնության ու աքսորի: Այս փորձություններին դիմակայելու համար գերագույն ջանքեր և ուժեր գործադրեց մեր ժողովուրդը, պահպանեց հույսն ու լավատեսությունը ապավինելով Աստծուն, Ով պատգամում է` եղիր հավատարիմ, և ես քեզ կյանքի պսակը պիտի տամ:
Մեր ժողովրդի համար պետականության կորստից ի վեր միշտ առաջնային մնաց վերահաստատումը հայրենի պետության ազատ ու անկախ կյանքի, որի անվերապահ սիրով ծնունդ առան Արցախի ազատագրության և Հայաստանի անկախության հաղթանակները: Արցախահայության օրինական որոշումը` միանալու Հայաստանին, ինչպես սպասված կայծ` վերարթնացրեց արդարությունը վերականգնելու հույսերը մեր ժողովրդի, որը ստիպված եղանք պաշտպանել զենքով: Ոչինչ չկարողացավ ընկճել մեր ժողովրդին: Դիմագրավեցինք մեզ պարտադրված պատերազմի, շրջափակման, տնտեսական փլուզումների բոլոր դժվարություններն ու զրկանքները, որոնց համընթաց նորահաստատ մեր պետության կառույցներն ամրացան, տնտեսությունն ու հասարակական կյանքը վերակառուցվեց, մեծագույն ջանքեր գործադրվեցին երկրի անվտանգությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար: Այդ պայքարում և պետականաշինության դժվարին ընթացքներում զորացավ մեր ժողովուրդը, հասունացավ պատասխանատվություն ստանձնելու կամքի և փորձառության մեջ` արժանապատվորեն ու արիաբար կրելով կորուստների ցավը: Այո, դյուրին չտրվեցին հաղթանակներն ու ձեռքբերումները, ունեցանք նաև ներքին ցնցումներ: Այսօր էլ քիչ չեն մեր դժվարությունները, քիչ չեն տնտեսական, քաղաքական, ընկերային կյանքի խնդիրները, որոնք մեր ժողովուրդը դիմագրավում է հայրենի պետության հանդեպ պատասխանատվության, մեծ նվիրումի, հավատի ու լավատեսության նույն ոգով: Սիրելիներ, մենք կանգնած ենք մեր ժողովրդի համար մեծագույն հրամայականների առջև. կայուն դարձնել մեր երկրի խաղաղությունը, հաղթանակի առաջնորդել Հայոց Ցեղասպանության մեր արդար դատը և Արցախի ազատ ապրելու իրավունքի միջազգայնորեն ճանաչումը: Նոր դար ենք մտել ազգային մեր այս իղձերը իրականություն դարձնելու հավատով, որի հիմքը մեր հայրենի անկախ պետականությունն է: Ազատ ու անկախ Հայրենիքը մեծ փոփոխություն և տեղաշարժեր է բերել համազգային մեր կյանքում, միավորել ու կենսավորել է մեր ժողովրդի ուժերը, ջանքերն ու հնարավորությունները: Անկախ պետականության պայմաններում կյանքի են կոչվել և իրագործվում են համազգային ծրագրեր: Հայրենիքով զորացած Սփյուռքի մեր զավակները ավելիով մասնակից են մեր երկրի շենացմանն ու զորացմանը: Հայրենի իշխանության և համայն մեր ժողովրդի ջանքերով մեր երկիրը իր տեղն ու հեղինակությունն է ձեռք բերում միջազգային ասպարեզում, մասնակից` պետությունների ու ազգերի ջանքերին աշխարհում խաղաղության ու բարօրության հաստատման համար: Խաղաղ են և պաշտպանված մեր երկրի սահմանները քաջարի ու նվիրյալ ծառայությամբ հաղթական, հզոր Հայոց բանակի: Կյանք է մտնում անկախության սերունդը` սնված և հասունացած Հայոց պետականությանը ծնունդ տված այն արժեքներով ու այն հավատով, որոնցով պիտի նոր հաղթանակներ պարգևի հայրենի մեր երկրին և համայն հայոց կյանքին: Հիրավի, Հայրենիքով համախմբված` իրական են մեր գալիքի լուսավոր հեռանկարները:
Սիրելի հավատավոր ժողովուրդ, մեր հայրերի Աստծուն, ինքներս մեզ, հերոսական մեր հոգուն, մեր տեսիլքին հավատարիմ շարունակենք ապրել ու գործել: Հայրենի մեր պետականության արևը բարձրացել է: Այն, ինչ պատմությունը հաճախ մերժել է մեզ` խաղաղություն, արդարություն, իրավունք, կյանքի խնդություն, մեր հողում պիտի ծաղկեն: Գոտեպնդվենք արիությամբ, սիրով, միաբանությամբ ու լավատեսությամբ, բարեխնամ երկիր կառուցենք, շեն ու զարգացող, հավատքով պայծառ երկիր, որտեղ արգասավորվեն մարդու հանդեպ հարգանքն ու խնամքը: Աստվածահաճո, մարդասեր, բարեսեր երկիր կառուցենք` իբրև քրիստոնյա ժողովուրդ, իբրև հնագույն պետություն ու մշակույթ կերտած ժողովուրդ, որի պատմությունը ընթացել է ազատության ու պետական անկախության վերականգնման համար մղված պայքարում: Հզորացնենք մեր Հայրենիքը` հայոց բնաշխարհիկ երկիրը, որ լինի ազգի հավաքականության, ազգային մտածողության ու հոգևոր ներուժի ակունքն ու հենարանը և ազգային իղձերի կենսագործողը: Այս տեսլականը, նպատակներն ու ձգտումները թող առաջնորդեն մեզ և ուղղորդեն մեր քայլերը, որպեսզի այսօր մենք և վաղը մեր զավակները կարողանանք անվտանգ պահպանել հայրենի մեր երկիրը, զարթոնքով լեցուն հայ կյանքը և զորավոր` հայի աղոթքը, որ Աստված պարգևի մեզ հաղթության նորանոր պսակներ` համաձայն Իր խոսքի` եղիր հավատարիմ, և ես քեզ կյանքի պսակը պիտի տամ:
Սիրելի ժողովուրդ հայոց, Անկախության պանծալի տոնի առիթով բերկրալի սրտով շնորհավորում ենք ձեզ ի սփյուռս աշխարհի, հայոց պետական ավագանուն, Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և բերում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը: Հայ Եկեղեցին պատմության ողջ ընթացքում` հավատարիմ իր կոչման, զորավիգ է եղել հայոց պետականությանը, իր ամեն կարելիությամբ զորավիգ է նաև այսօր և լինելու է միշտ` ի սեր հայոց փառքի և հարատևության:
Աղոթենք սիրելիներ, խոնարհում բերելով Հայրենիքի համար զոհված հերոսների անմահ հիշատակի առջև և հայցենք որ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ պահպանի մեր Հայրենիքը և անսասան` հայրենի մեր պետականությունը, քաջարի ոգին և հաղթ բազուկը Հայոց բանակի, օրհնի մեր ժողովրդին, հոգևոր դասին և հայրենի իշխանավորներին և առաջնորդի դեպի ոռոգյալ, բարեբեր ափեր ու մեր հույսերի իրագործման առավոտներ այսօր և հավիտյանս. ամեն:
<<Շնորհք ընդ ձեզ և խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ և ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ>> (Ա. Կորնթ. Ա 3)>>:
Հանրապետական մաղթանքին ներկա էին նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ տիար Տիգրան Սարգսյանը, Աժ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, բարձրաստիճան պետական այրեր, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբաններ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ: