Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը ՀՀ Անկախության տոնի առիթով
Սեպտեմբերի 21-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Հայրապետական ուղերձում ասվում է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում համայն մեր ժողովրդին ի Հայրենիս եւ ի Սփյուռս եւ բերում Մեր սերն ու շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Այսօր ազգովի տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության ուրախալի տոնը: Մեր Հայրենի երկրում այլեւս անշրջելի իրականություն է մեր հավատավոր ժողովրդի դարավոր ու նվիրական երազը` վերահաստատված անկախ պետականությունը: Հայաստանի Հանրապետությունը համայն մեր ժողովրդի գալիքի հույսն է, ազգահավաքության երաշխիքը, որով պիտի հարատեւի մեր ժողովուրդը Արարատի հավերժ հայացքի ներքո:
Սիրելի ժողովուրդ հայոց, հավատով ու նվիրումով շարունակենք ներդնել մեր ջանքերն ու ծառայությունը` հանուն Մայր Հայրենիքի բարգավաճման ու զորացման, ազգային մեր բոլոր իղձերի իրագործման եւ աշխարհասփյուռ հայության լուսավոր գալիքի:
Աղոթում ենք առ Աստված, որ խաղաղ երկնքի ներքո արգասավորի հայրենաշեն ու ազգանվեր բոլոր ձեռնարկներն ու նախաձեռնությունները համայն մեր ժողովրդի զավակների, Հայաստանի Հանրապետության իշխանությանց եւ հայոց պետական այրերի, եւ Ամենախնամ Սուրբ Աջով բարօրության եւ ուրախության մեջ պահպանի ազգս հայոց»: