Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Դոնի Ռոստովի Սբ. Հարություն եկեղեցին

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ  օծվեց Դոնի Ռոստովի Սբ. Հարություն եկեղեցին 30.05.2011

Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Դոնի Ռոստով քաղաք, ուր հանդիսապետեց Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Նորին Սրբությանն ուղեկցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց բանակի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը, Տ. Շահե աբեղա Անանյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը եւ Մայր Աթոռի միաբան սարկավագներ: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին նաեւ Հայաստանից ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամի նախագահ, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Ջամբարջին եւ գործադիր տնօրեն Լեւոն Սարգսյանը, ՀԲԸՄ երեւանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը:

Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին մարզի հոգեւոր դասըª Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` գլխավորությամբ Ռոստովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանը եւ Վլադիմիր Ղազարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Հարավայի Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Վեհափառ Հայրապետին մատուցվեց աղ ու հաց, որից հետո Նորին Սրբությունն ուղեւորվեց նորակառույց եկեղեցի:

Ս. Հարություն եկեղեցին կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում (կառուցվածª 1783թ), որը համայնավարների կողմից քանդվել է 1965թ.: Նոր եկեղեցին կառուցվել է Կարապետյան եւ Ղազարյան ընտանիքների բարերարությամբ` ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու` Արթուր Կարապետյանի: Եկեղեցու ճարտարապետն է Միխայիլ Սարգսյանը:

Նորակառույց եկեղեցու մատույցներում Վեհափառ Հայրապետին մեծ խանդավառությամբ, ծափողջույններով ու ծաղիկներով դիմավորեցին Ռոստովի մարզի տարբեր կողմերից ժամանած հազարավոր հայորդիներ: Նորին Սրբությունը, ուղեկցությամբ եկեղեցականաց դասի, ինչպես նաեւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Ռոստովի եւ Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնի, հայրապետական իր օրհնությունը բաշխելով հավաքված հավատավոր հայորդիներին, թափորով առաջնորդվեց եկեղեցի, ուր սկսվեց նորակառույց տաճարի օծման արարողությունը:

 Հոգեպարար շարականներից եւ աղոթքներից հետո մկրտության Ս. Ավազանից բերվեց մյուռոնաթափ աղավնին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ Եզրաս, Մովսես, Մարկոս եւ Վրթանես Սրբազանները կատարեցին եկեղեցու տասնվեց սյուների օծումը: Օծման արարողությանը հաջորդեց Ս. Պատարագը, որը մատուցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ս. Պատարագի ընթացքում Վեհափառ Հայրապետը ռուսաստանաբնակ հայորդիներին ուղղեց հայրապետական իր պատգամը: Նորին Սրբությունը փառք եւ գոհություն հայտնեց Աստծուն, որ մի նոր տաճար իր դռներն է բացում հավատացյալների առջեւ. ՙ...Հայոց նոր աղոթավայր է վեր հառել Ռուսիո օրհնյալ հողում, որպեսզի այստեղ իրենց ստեղծագործ ընթացքով ապրող հայորդիք անմասն չմնան հայ եկեղեցիներից բաշխվող աստվածային օրհնությունից, առավել զորացնեն հոգեւոր-եկեղեցական կյանքը համայնքի, եւ եկեղեցու շուրջը համախմբումով ամուր պահեն աստվածասիրությունը, ազգային գիտակցությունն ու հայրենանվիրումը՚: Հայրապետը հորդորեց ներկա հայորդիներին աներեր պահել հավատը, զորեղ` աստվածասեր ու եկեղեցանվեր ոգին եւ պահպանել նախանձախնդրությունն ու հավատարմությունը հայրերի սրբազան արժեքների հանդեպ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր գնահատանք հայտնեց եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանին եւ Վլադիմիր Ղազարյանին: Ս. Հարություն եկեղեցու օծման առիթով Սահակ Կարապետյանին շնորհվեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն ՙՍ. Գրիգոր Լուսավորիչ՚ շքանշան, իսկ Վլադիմիր Ղազարյանին` ՙՍ. Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշան: Այս առիթով հրապարակվեցին նաեւ Հայրապետական սրբատառ կոնդակները:

ՙ...Այսօր առիթ ունենք բերկրաշատ հոգով ջերմ սիրո եւ գնահատանքի Մեր խոսքը ուղղելու Ձեզ` Դոնի Ռոստովում Ձեր հովանավորությամբ կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու օծման առիթով, որ կատարեցինք Մեր զավակների հետ միասնական աղոթասացությամբ: Հավատավոր եւ որդեսեր Ձեր հոգու ջերմագին փափագով, ի հիշատակ Ձեր վաղամեռիկ որդու` Արթուր Կարապետյանի, կառուցվեց եկեղեցին, որն այսուհետ օրհնություն պիտի բաշխի Ռուսաստանում ապրող Մեր ժողովրդի զավակներին: Հայրենիքում եւ Սփյուռքում մեր հազարավոր վանքերի ու եկեղեցիների պես Սուրբ Հարությունը ծառայելու է Մեր սիրեցյալ ժողովրդի հոգեւոր կյանքի վերազարթոնքին, զորացնելու նրանց հավատարմությունը հանդեպ մեր հայրերի նվիրական ավանդները, մեր սրբազան ժառանգությունը: Ձեր օրհնյալ ընթացքով ու պանծալի գործերով, Դուք բարի օրինակ եք մատուցում հայորդյաց, ովքեր սերնդեսերունդ պիտի գնահատեն Ձեր վաստակը...՚, - ասվում է տիար Կարապետյանին հանձնված կոնդակում:

ՙ...Երկար տարիներ լինելով Ծխական Խորհրդի Ատենապետ, Դուք ազնիվ հոգով ներդրել եք Ձեր ժամանակը, ջանքերն ու կարողությունները, որպեսզի հաղթահարվեն բոլոր դժվարությունները եւ հայ համայնքը օրհնվի նոր եկեղեցիով: Ձեր երկարամյա, բարի սպասավորությունը եւ ազնիվ ընծայաբերումները հանուն ծուխի բարգավաճման ու եկեղեցու կառուցման արդարորեն բերել են Ձեզ սերն ու հարգանքը Թեմի հոգեւոր սպասավորների ու հավատացելոց՚, - նշվում է Վլադիմիր Ղազարյանին շնորհված հայրապետական կոնդակում:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նաեւ տարածաշրջանի իշխանություններին` ի դեմս պատարագին ներկա փոխնահանգապետի եւ մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Վիկտոր Դերյաբկինի, ինչպես նաեւ Ռոստովի եւ Նովոչերկասկի արքեպիսկոպոս Պանտելեյմոնին, ովքեր հայ համայնքի հանդեպ բարյացակամ եւ ուշադիր վերաբերմունքով աջակից են համայնքի ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմանն ու նոր ձեռքբերումների կերտմանը: Այս առիթով Վեհափառ Հայրապետը Օրհնության գիր ընծայեց Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չեռնիշովին` Սուրբ Հարություն եկեղեցու կառուցման սրբազան գործում բերած վաստակի համար:

Նորին Սրբությունն օծման առիթով նորակառույց եկեղեցուն ընծայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերված ՙԱստվածամայրը մանկան հետ՚ նկար:

Ս. Պատարագից հետո Ռոստովի հայ համայնքի կողմից կազմակերպվել էր ճաշկերույթ` ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Նույն օրը երեկոյան Վեհափառ Հայրապետն իր ուղեկից շքախմբի հետ վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին: