Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ֆրանսիա
Դեկտեմբերի 9-18-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով գտնվում էր Ֆրանսիայում: Նորին Սրբության այցը նշանավորվեց Ֆրանսիայի թեմի հռչակմամբ:
Դեկտեմբերի 10-ին Փարիզի Սբ. Հովհաննես Մկրտիչ Մայր եկեղեցում մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Տ. Նորվան եպիսկոպոս Զաքարյանն ընթերցեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որով այսուհետ Փարիզի Առաջնորդությունը եւ Ֆրանսիայի հայոց եկեղեցական համայնքները առանձնացվում են Արեւմտեան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակությունից եւ հռչակվում որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի մեկ միասնական հայոց թեմ` Փարիզ առաջնորդանիստ կենտրոնով: Պատարագի ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունը բերելով ֆրանսահայ հավատավոր հոտին, նշեց. «Այսօր հուրախություն ամենքիս` իրականություն է դարձել Մեր նախորդ երջանկահիշատակ Հայրապետների երազն ու իղձը` մեկ թեմական միավորի ներքո համախմբումը հավատավոր մեր զավակների, որով առավել զորացյալ, կուռ եւ միասնական պիտի լինի մեր Սուրբ Եկեղեցին, եւ նորովի զարթոնք պիտի ապրի հոգեւոր-ազգային կյանքը»: Հայրապետական կոնդակով, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Գյուտ արքեպիսկոպոս Նագգաշյանը համատեղության կարգով նշանակվեց Ֆրանսիայի Հայոց նորակազմ թեմի առաջնորդական տեղապահ: Վեցամսյա ժամանակում տեղապահը Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ կկազմակերպի Թեմական խորհրդի եւ թեմակալ առաջնորդի ընտրությունները:
Հաջորդ օրը Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ նորակազմ թեմի պատգամավորների հետ, որի ընթացքում քննարկվեց թեմի կանոնադրությունը:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը մասնակցեց նաեւ մի շարք հոբելյանական միջոցառումների: Դեկտեմբերի 9-ին Նորին Սրբությունը Փարիզում մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 100-ամյա տարեդարձին նվիրված հանդիսությանը եւ իր օրհնությունը բերեց ՀԲԸՄ-ի անդամներին: «Արդարեւ, հաստատուն են հիմքերը, որ դրված են բարի գործերի ամուր ապառաժի վրա, եւ 100-ամյա պատմությամբ բարեզարդ կանգնած է շենքը` բարձրացած հավատավոր հոգով նրա հիմնադրի ու բոլոր հավատարիմ կառուցողների, ովքեր տքնեցին ազգի համար: Աղոթք ու խորին խոնարհում մատուցենք նրանց արդար հիշատակին եւ փառաբանություն` նրանց բազմերախտ ջանքերին»,-ասաց Վեհափառ Հայրապետը` կարեւորելով հայրենանվեր այդ կառույցի անգնահատելի ավանդը հայ ժողովրդի, հայրենիքի եւ Եկեղեցու շենացման ու պայծառացման նվիրյալ գործում: Վեհափառ Հայրապետը ջերմությամբ հիշատակեց հիմնադիր Պողոս Նուբար Փաշայից սկսած ՀԲԸՄ-ի բոլոր երախտավորներին` ընդգծելով հատկապես Ազգային հերոս եւ Միության ցմահ նախագահ երջանկահիշատակ Ալեքս Մանուկյանի եւ նրա դստեր Լուիզ Մանուկյան-Սիմոնի անունները եւ ուրախություն հայտնեց, որ այսօր եւս Բարեգործականի նվիրյալ բարերարների եւ նախագահ տիար Պերճ Սեդրակյանի բարեջան եւ ազնիվ հանձնառությամբ Միությունը շարունակում է իր արժանի ծառայությունն ու ներդրումը բերել Հայրենիքի վերածնվող կյանքին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու ժողովրդին: Հանդիսության հաջորդ օրը առաջնորդանիստ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայրապետական սբ. պատարագից հետո տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն` ՀԲԸՄ-ի հանգուցյալ նախագահների եւ երախտավորների հոգու խաղաղության համար:
Դեկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը Փարիզից մեկնեց Մարսել` Սբ. Թարգմանչաց եկեղեցու օծման 75-ամյակի հոբելյանի առիթով: 75-ամյա եկեղեցում դեկտեմբերի 17-ին մատուցվեց Հայրապետական պատարագ: Նորին Սրբությունը Հայրապետական օրհնություն ու պատգամը տվեց մարսելահայ համայնքին. «Եկեղեցու շուրջ համախմբված` դուք նույն նվիրումով պիտի շարունակեք բարեզարդումը ձեր ազգային-եկեղեցական կյանքի եւ առավել արդյունավորեք հանուն Մայր Եկեղեցու պայծառության, Հայրենիքի զորացման եւ համայն հայության բարօրության ձեր ջանքերը, որ հանապազ «պտո°ւղ բարի առնէ»: Արդարեւ, հավատացյալ մեր ողջ ժողովրդի որդիական սիրով, հավատարմությամբ ու նվիրումով է շեն ու ծաղկուն Եկեղեցին մեր Սուրբ, մեր Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»: Հայրապետական պատարագի ընթացքում դարձյալ ընթերցվեց Հայրապետական Կոնդակը Ֆրանսիայի Հայոց թեմի հռչակման վերաբերյալ: Սրբազան արարողությունից հետո տեղի ունեցավ Սբ. Թարգմանչաց Եկեղեցուն կից գործող Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ մշակույթի կենտրոնի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: 30 տարի առաջ հիմնադրված այս կենտրոնում էլ նախորդ օրը տեղի ունեցավ մարսելահայ 9 բարերարներին «Սբ. Ներսես Շնորհալի» շքանշանի հանձնման արարողությունը:
Մարսելում Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպեց եւ իր օրհնությունը տվեց նաեւ Համազգային վարժարանի սաներին, Մարսելի Ֆրանսահայ երիտասարդաց միության անդամներին, այցելեց ՀԲԸՄ Մարսելի կենտրոն:
Ամենայն Հայոց Հայրապետը հանդիպումներ ունեցավ նաեւ Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի, ընդհանուր խորհրդի նախագահ Ժան-Նոյել Գերինիի եւ շրջանային խորհրդի նախագահ Միշել Վոզելի հետ: