Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ռումինիայի եւ Ուկրաինայի հայոց թեմեր
Օգոստոսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնեց Ռումինիայի հայոց թեմ` հանդիսապետելու Սուչավայի Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը եւ հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները: Հայրապետական պատվիրակության կազմում էին` Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը, ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Սիփան աբեղա Գրիգորյանը, Տ. Թովմա աբեղա Խաչատրյանը եւ պրոֆեսոր Դավիթ Մուրադյանը:
Բուխարեստի օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորելու էին եկել Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի ազգային ժողովում հայոց փոքրամասնության ներկայացուցիչ եւ Ռումինիայում 13 փոքրամասնությունների հանձնախմբի ատենապետ Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի Հանրապետության Կրոնի նախարար Վիկտոր Օբասկին, Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Չիպրիան եպիսկոպոս Կմպինյաուն, Մայր Աթոռի եւ Հաճկատարի Սբ. Աստվածածին եկեղեցու բարերարներ տեր եւ տիկին Հակոբ եւ Իգա Գույումճյանները, Ռումինիայի հայոց թեմի հոգեւորականաց դասը, թեմի պատգամավորական ժողովի անդամներ եւ ուխտավորներ: Վեհափառ Հայրապետի այցելության առիթով Առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցավ բարեգալստյան եւ հրաշափառի արարողություն, որին հայ հավատացյալների հետ ներկա էին նաեւ տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Ռումինիայի Հանրապետության նախկին նախագահ Էմիլ Կոստանտինեսկուն, Կրոնի նախարարը, Մշակույթի նախարարության ընդհանուր քարտուղարուհին եւ Քույր Եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց հայ գրքի 500-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացում Ռումինիայի հայոց թեմի «Դուդյան» Մշակութային կենտրոնի թանգարանային մասնաբաժնում, որտեղ ներկայացված էին հայ հնատիպ եւ Ռումինիայում տպագրված գրքերը: Այնուհետեւ, Նորին Սրբության օրհնությամբ եւ բարձր նախագահությամբ տեղի ունեցավ վերանորոգված առաջնորդարանի բացումը: Նույն օրը Վեհափառ Հայրապետն այցելեց Ռումինիայի հայոց միություն, որտեղ միության ղեկավար Վ. Ոսկանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց միության գործունեությունն ու հետագա ծրագրերը:
Օգոստոսի 11-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով եղավ նաև Ուկրաինայի հայոց թեմում: Չերնովեց քաղաքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Ուկրաինայի ողջ տարածքից ժամանած մեծաթիվ ուխտավորներին: Չերնովեցում Հայոց Հայրապետին ողջունելու էին եկել նաեւ Ռումինիայի Մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակը եւ Ուկրաինայում հայկական համայնքի նախագահ Վիլեն Շատվոյանը: Այցելության ընթացքում Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ Չերնովեցի նահանգային վարչության ղեկավար Միխայիլ Պապիեւի հետ: Հանդիպմանը խոսվեց հայ-ուկրաինական ջերմ հարաբերությունների եւ ուկրաինահայ համայնքի մասին: Մասնավոր անդրադարձ կատարվեց Չերնովեցի Սբ. Պողոս–Պետրոս հայկական եկեղեցու կարգավիճակին, որն այժմ, որպես համայնքային դահլիճ, պատկանում է Ուկրաինայի Մշակույթի նախարարությանը եւ տրամադրվում է Հայ Եկեղեցուն օրական միայն 2 ժամ` եկեղեցական արարողություններ կատարելու համար: Այս առիթով Վեհափառ Հայրապետը դիմեց պրն. Մ. Պապիեւին` եկեղեցու խորանը վերանորոգելու եւ որպես լիարժեք գործող եկեղեցի այն հայկական համայնքին վերադարձնելու հարցով:
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ուկրաինայից վերադարձավ Ռումինիայի հայոց թեմ: Օգոստոսի 12-ին Վեհափառ Հայրապետի ձեռամբ տեղի ունեցավ Սուչավայի Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը, որից հետո մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ: Արարողությանը ներկա էին Կրոնի նախարարը, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Սուչավայի նահանգային իշխանության անդամներ, Հաճկատար Սբ. Աստվածածին եկեղեցու նորոգությունն ստանձնած ամերիկաբնակ բարերարներ մեծազնիվ տեր եւ տիկին Հակոբ եւ Իգա Գույումճյանները, հայ եւ ռումին բազմաթիվ ուխտավորներ:
Օգոստոսի 13-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ռումինիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Կրին Անտոնեսկուի հետ: Նախագահական պալատում ողջունելով Վեհափառ Հայրապետին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը` պրն. Անտոնեսկուն կարեւորեց երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունները` նշելով, որ հայերն իրենց անգնահատելի նպաստն ունեն Ռումինիայի տնտեսության զարգացման մեջ եւ հոգեւոր-մշակութային կյանքում: Ապա Նորին Սրբությունն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Ռումինիայի իշխանություններին` հայկական համայնքի եւ Հայոց Եկեղեցու սրբությունների հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված միշտ առաջընթացի մեջ պահի երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նաև Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի հետ: Ողջունելով Վեհափառ Հայրապետի այցը` վարչապետն ուրախությամբ արձանագրեց, որ երկու պետությունների հարաբերությունները ջերմ են, եւ հայ համայնքը մեծ հարգանք է վայելում ռումին իշխանությունների կողմից: Պրն. Պոնտան Նորին Սրբությանը ներկայացրեց նաեւ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Ռումինիայի որդեգրած քաղաքականությունը` նշելով, որ Ռումինիայում եկեղեցին ամբողջովին ազատված է հարկերից, եւ պետությունն ստանձնել է եկեղեցական կառույցների նորոգումն ու հոգեւորականների աշխատավարձի կիսով չափ վճարումը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց ռումինահայ համայնքային կյանքին: Խոսելով համայնքին հուզող մի շարք կալվածական խնդիրների մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացրեց Հակոբ Սիրունու արխիվի, Գալաս քաղաքի «Ուռեկիա» գրադարանի 1500 գրքերի եւ Բուխարեստում գտնվող Աննա Մելեքի տան վերադարձի հարցը:
Նորին Սրբությունը քաղաքավարական այց կատարեց նաեւ Ռումինիայի Հանրապետության Սենատ եւ հանդիպում ունեցավ Սենատի նախագահ Ֆիլիպ Պետրուի հետ: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում:
Հայրապետական պատվիրակությանը պատրիարքական իր նստավայրում հյուրընկալեց նաեւ Ռումին Ուղղափառ Եկեղեցու պետ Դանիել Պատրիարքը: Հանդիպմանը երկու եկեղեցիների առաջնորդները վերահաստատեցին եղբայրական այն ջերմ հարաբերությունները, որ պատմականորեն ձեւավորվել են հայ եւ ռումին եկեղեցիների միջեւ: «Մեր ժողովուրդն առանձնահատուկ սեր է տածում Ռումինիայի նկատմամբ եւ դրանում էական դերակատարություն է ունեցել Վազգեն Ա Կաթողիկոսը: Մենք մեծապես ուրախ ենք, որ մեր եկեղեցու զավակները վայելում են Ձեր հայրական հոգածությունը: Այդ վերաբերմունքը պայմանավորում է նաեւ ձեր հավատացյալների վերաբերմունքը հանդեպ մեր եկեղեցին եւ եկեղեցականությունը»,-իր խոսքում նշեց Վեհափառ Հայրապետը:
Ի նշան Հայ եկեղեցու եւ նրա գահակալի նկատմամբ Ռումին Ուղղափառ եկեղեցու հարգանքի` Դանիել Պատրիարքը Ամենայն Հայոց Կաթողիկոսին պարգեւատրեց Ռումինիայի հովանավոր Սբ Անդրեաս առաքյալի շքանշանով:
Հաճկատարի հոբելյանական միջոցառումների շրջանակում օգոստոսի 14-ին Ռումինական Ակադեմիայի Մեծ սրահում տեղի ունեցավ հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման հանդիսավոր արարողությունը` նվիրված Սուչավայի Հաճկատար Սբ. Աստվածածին վանքի հիմնադրման 500-ամյակին եւ այդ կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցելությանը: Արարողությանը ներկա էին Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Ռումինիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինական Ակադեմիայի անդամներ, պետքարտուղարներ, դեսպաններ, գիտության եւ մշակույթի գործիչներ, ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ:
Ռումինական Ակադեմիայի փոխնախագահ Դան Բերինդեի ողջույնի խոսքից հետո «Ռոմֆիլատելիայի» նախագահ տիկին Քրիստինա Պեպեսկուն հրավիրեց Վեհափառ Հայրապետին եւ պրն. Կոռլացեանին բացելու համատեղ դրոշմանիշի վահանակը: Ներկաներին իր գնահատանքի եւ օրհնության խոսքը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը: Նորին Սրբությունը նշեց, որ Սբ. Աստվածածին վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված հայ-ռումինական համատեղ դրոշմանիշը վկայությունն է այն հավատքի, որին ապավինել են երկու ժողովուրդները` պատմության ընթացքում հաղթահարելով բոլոր դժվարությունները եւ կերտելով քրիստոնեական իրենց մշակույթը:
Բուլղարիայից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Մոլդովայից, Լեհաստանից, Հունգարիայից, Հոլանդիայից եւ այլ երկրներից Ռումինիա ժամանած ուխտավորները, գոտեպնդված Հաճկատարի Սբ. Աստվածածին վանքի 500-ամյակի հոգենորոգ տոնակատարություններից եւ Հայրապետական ոգեշունչ պատգամներից, հովվապետական այցի ավարտին հրաժեշտ տվեցին Նորին Սրբությանը եւ հոգեպես զորացած վերադարձան իրենց բնակավայրերը: