Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց խաղաղության մաղթանք

Հուլիսի 23-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց միասնական աղոթքի կարգ` հանուն Մերձավոր Արեւելքում խաղաղության վերահաստատման:

Արարողությունից առաջ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը դիմելով ներկաներին նշեց. «Բոլոր մարդիկ Աստծո զավակներն են, եւ ամեն անգամ, երբ մեկի կյանքը վտանգվում է, եւ կամ մեկը հրաժեշտ է տալիս կյանքին, մենք Աստծուց հոգու հանգստություն ենք խնդրում նրա համար` անկախ նրանից, թե ի°նչ կրոնական կամ ազգային պատկանելություն ունի: Այսօր առավել եւս կարիք ունենք Աստծուն աղոթելու, խնդրելով խաղաղություն հաստատել Միջին Արեւելքում, որտեղ ամեն օր պայթում են ռումբեր, որտեղ ամեն օր զոհվում են Աստծո զավակները: Մեզ համար առավել կենսական է խաղաղության հաստատումը, որովհետեւ հակամարտող երկու կողմերում էլ մենք ունենք հսկայական թվով հայություն, որոնք տասնյակ եւ հարյուրավոր տարիներ շարունակ բնակվում են այնտեղ»:

Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններ, բազմաթիվ հավատացյալներ: