Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը
Սեպտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի հարեւանությամբ կառուցվող Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու հիմնարկեքը: Ձեռամբ Նորին Սրբության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրստիճան հոգեւորականների օծվեցին եկեղեցու 16 հիմնաքարերը, որոնք դրվեցին եկեղեցու հիմքերում:
Հիմքերի օրհնությունից հետո Վեհափառ Հայրապետն իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին: «...Աստվածահաճո եւ օրհնյալ այս ձեռնարկով հայրենի մեր հողի վրա մի նոր օրհնություն է երկնքից հեղվում, որ զորացնում է մեր հավատքը, պայծառացնում մեր ժողովրդի հոգեւոր կյանքը: ... Եկեղեցին ծառայելու է մեր ժողովրդին, նրա հոգեւոր կարիքների սպասարկմանը: Եկեղեցում արարողություններ պիտի կատարեն հոգեւոր Ճեմարանի սաները, նրանց շուրթերով աղոթք, փառաբանություն պիտի երկինք վերառաքվի` մեր հայրենական կյանքի շինության, մեր եկեղեցու զորության եւ պայծառացման համար: Եկեք սիրելիներ, միաբան սրտով մեր աղոթքն երկինք բարձրացնենք, հայցենք, որ Աստված խաղաղ պահի Հայոց աշխարհն, անսասան եւ հաստատւն Հայաստանյայց եկեղեցին` ժրաջան իր սպասավորներով, հաստատւն կրթական իր հաստատություններով եւ օրհնյալ այն բոլոր ձեռնարկներով, որ իրականացնում է Հայաստանյայց Եկեղեցին ի հոգեւոր շինություն մեր ժողովրդի»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Աղոթատունը կառուցվում է վաստակաշատ ճարտարապետ պրն. Ջիմ Թորոսյանի նախագծով: Ճարտարապետական հորինվածքից ելնելով եկեղեցին կկրի Սրբոց Հրեշտակապետաց անունը, որի կառուցումը նախատեսվում է ավարտել 2009 թ. գարնանը:
Հիմնօրհնեքի արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր Ճեմարանի տեսչական անձնակազմն ու ուսանողությունը, հյուրեր եւ հավատացյալներ: