Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին
Ապրիլի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը` նվիրված հայ գրատպության 500-ամյակին:
Միածնաէջ Մայր Տաճարում, Սուրբ Պատարագի ընթացքում, «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Ս. Խորան բարձրացվեց Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Մայր Աթոռի միաբան Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Հայրապետական կոնդակում ասված է.
«ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ,
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ,
ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ,
ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ
ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ
«Զի սէրն ձեր եւ՛ս քան զեւս առաւե՛լ լիցի
ի գիտութեան եւ յամենայն իմաստութեան»
(Փիլ. Ա 9):
Գոհութեան աղօթք ենք բարձրացնում առ Աստուած, որ Հայրենիքում եւ Սփիւռքում մեր ժողովուրդը խաղաղութեան մէջ բերկրաշատ հոգով տօնախմբում է 500-ամեայ յոբելեանը հայ գրատպութեան` վերարժեւորելով մեր գրաւոր մշակոյթի հարուստ ու անգին ժառանգութիւնը եւ նրա լուսաւոր առաքելութիւնը մեր կեանքում: Տօնական առիթով Քրիստոսահիմն հոգեւոր կենտրոնից ազգիս` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ի սփիւռս աշխարհի մեր ժողովրդին հոգու խնդութեամբ բերում ենք Հայրապետական Մեր օրհնութիւնը եւ առաքեալի պատգամը. «թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ»:
Հայոց Գրերի գիւտից յետոյ հայ գրահրատարակութիւնը իր նշանակութեամբ մեր դպրութեան պատմութեան յաջորդ շրջադարձային իրադարձութիւնը եղաւ եւ կեանքի կոչուեց ու արգասաւորուեց իմացութեան եւ գրքի հանդէպ անհուն սիրով ու նախանձախնդրութեամբ, որոնք Հայոց Գրերի առատ պարգեւներով ներշաղախուած են նկարագրին մեր ժողովրդի: Սահակ-Մեսրոպեան դպրոցի ուսումնաբաղձ ոգին ու աւանդները, ձեռագիր մատեաններում պահուող հոգեւոր, գրական, գիտական ժառանգութիւնը նոր կեանք առան բազմօրինակ տպագրութիւններով, եւ հայերէն գիրն ու գիրքը շարունակեցին սնուցել ու կրթել հոգին մեր ժողովրդի ու պահպանել նրան լուսաւորութեան շաւիղներում թէ ապահով եւ թէ աղէտալի ժամանակներում:
Ազգերի մէջ առաջիններից մէկը մեր ժողովուրդը ձեռնամուխ եղաւ գրահրատարակութեան գործին: Տպագրութեան գիւտից կարճ ժամանակ անց օտարութեան մէջ` Վենետիկում ծնունդ առաւ հայ տպագրութեան երախայրիք «Ուրբաթագիրքը»` սկզբնաւորելով այն լայնահուն ուղին, որը Տիրոջ կամքով սպասուում էր հայ գրատպութեանը: Մեր պատմութեան դառնագին ժամանակներից էին այն տարիները, երբ տպագրուում էին հայերէն առաջին գրքերը: Չդադարող պատերազմներից, աւերներից ու կողոպուտներից ծուատուած, աշխարհասփիւռ դարձած մեր ժողովրդի համար առաւել քան կարեւոր էր իր հոգեւոր ներուժի պահպանումն ու զօրացումը: Վենետիկից յետոյ աշխարհի շատ քաղաքներ` Եւրոպայից մինչ Հնդկաստան դարձան հայ տպագրութեան կենտրոններ: Յակոբ Մեղապարտին` հայ առաջին գրահրատարակչին յաջորդեցին տպագրութեան գործի այլ նախանձաւորներ: Հրատարակուեցին Սուրբ Գրական գրքերը, Աստուածաշունչ մատեանը, մեր մատենագիրների գործերը, հայագիտական, բնագիտական ուսումնասիրութիւններ, թարգմանական գրականութիւն, դասագրքեր, պարբերականներ, հրատարակուեցին վեհ ու ազնիւ մէկ նպատակով, որ պայծառ մնան հայ կեանքում հաւատքի լոյսը, կրթութեան ու գիտութեան ջահը, եւ տարագիր ու աշխարհասփիւռ հայութիւնը հարազատ մնայ մայրենի լեզուին ու նախնեաց ժառանգութեանը եւ պահպանի յոյսն ու տեսիլքը Հայրենիքի ազատութեան ու լուսաւոր գալիքի: Աստուծոյ ողորմածութեամբ հայերէն առաջին գրքի հրատարակութիւնից շուրջ երկուսուկէս դար անց հայ գրատպութիւնը` լուսաւոր ջանքերով Սիմէոն Երեւանցի հայրապետի, սկզբնաւորուեց նաեւ Հայրենիքում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մեր հոգեւոր կենտրոնից եւ հայրենի այլ քաղաքներից շարունակուեց տպագիր գրքի` իմացութեան լոյս բերող, հայերէն խօսքով ու հայրենեաց սիրով ազգին միաւորող եւ դէպի իր իղձերի մարմնաւորումն առաջնորդող առաքելութիւնը: Արդարեւ, մեր ժողովուրդը նորանոր յաղթանակներ պիտի արձանագրի` շարունակելով հայ գրքի էջերից քաղել ու ամբարել զօրութիւնը իմացութեան, արարումի եւ բացայայտել մեր սուրբ հաւատքի ակունքն ու մաքրութիւնը եւ գաղտնիքը` ազգիս յարատեւութեան:
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այսօր հոգու խոնարհումով եւ աղօթքով յիշենք հայ տպագրութեան երախտաւորներին, բոյլը տպագրիչների, տառաստեղծների, տառաձոյլ վարպետների, գիտնականների, հրատարակիչների, կրթութեան գործիչների, մեկենասների, նաեւ` Հայոց Հայրապետների ու եկեղեցականների: Նրանք եղան ջահակիրներ առաջադիմութեան, ազգային ոգու զօրութեան, մեր ինքնութեան պահպանման, նրանց ջանքերով, նուիրումով ու վաստակով հայ գրքի տպագրավայրերը եղան նաեւ կենտրոններ մեր մշակոյթի զարգացման, հայրենասիրութեան ու ազատագրական պայքարի ոգեշնչման:
Խորհրդանշական է եւ ուրախալի, որ յոբելեանական այս տարում քաղաքամայր Երեւանը ճանաչուել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այս պատիւը արժեւորումն է այն մեծ ձեռքբերումների, որ ունի մեր ժողովուրդը գրի ու դպրութեան անդաստանում, սակայն միաժամանակ պարտաւորութիւն ու պատասխանատուութիւն է` խնամելու եւ զօրացնելու գրքի ու ընթերցանութեան հանդէպ սէրն ու նախանձախնդրութիւնը, որպէսզի այն շարունակի գիտելիք ու ճանաչողութիւն բերել, սերմանել հաւատք առ Աստուած, կրթել ազնուութեան, արդարութեան, հայրենասիրութեան, մարդասիրութեան անանց արժէքներ, որպէսզի զուր չլինեն գիրքը կորստից ու ոչնչացումից ազատելու մեր նախնեաց անձնուրաց ջանքերն ու զոհողութիւնները, որոնց մասին են վկայում մեզ հասած բազում ձեռագրերի ու տպագիր գրքերի պատմութիւնները, ինչպէս գաղթական երկու կանանց ձեռքով փրկուած Մշոյ Ճառընտիրը, որ հանգրուան է գտել Երեւանի Մատենադարանում: Հայ գրատպութեան 500-ամեայ յոբելեանը հրաւէր է մեզ արժեւորելու գիրքը, վերականգնելու սէրն ու պատկառանքը գրքի հանդէպ, որպէսզի մեր ու մեր զաւակների կեանքում` որդուոց որդի, ապրի ու հրաշագործի գիտութեամբ եւ ամենայն իմաստութեամբ զօրացած ու պայծառացած հոգին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում հայրենի իշխանութիւններին` յոբելեանական տօնակատարութիւնները նախանձախնդրօրէն եւ շուքով կազմակերպելու համար: Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում գրքի մշակներին, գիտութեան, կրթութեան, մշակոյթի գործիչներին եւ համայն մեր ժողովրդին, որ հաւատարիմ հայրենեաց ժառանգութեանը եւ արժէքներին` հոգեշահ, ազգաշէն ու հայրենաշէն գործերով ընթանում է դէպի նոր կեանքի լուսաւոր հորիզոններ: Աղօթում ենք առ Աստուած եւ հայցում, որ անմար ու վառ լինի լոյսը հայ հոգու ու մտքի եւ առաջնորդի մեր ժողովրդի ուղին Տիրոջից օրհնեալ ճանապարհներով դէպի խաղաղ, ոռոգեալ ու բարեբեր հանգրուաններ:
Շնորհք, սէր եւ ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեան. ամէն:
Օրհնութեամբ`
ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Տուաւ Կոնդակս ի 11-ն Փետրուարի
յամի Տեառն 2012 եւ ի թուին հայոց ՌՆԿԱ
ի մայրավանս Սրբոյ Էջմիածնի
ընդ համարաւ 665»: