Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք
Նոյեմբերի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 16-րդ տարեդարձը:
Պատարագիչն էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Պատարագի սրբազան արարողության ընթացքում, Մայր Տաճարի ավետաբեր ղողանջների ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Նորին Սրբազնություն Չեխիայի կարդինալ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Դուկայի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, թեմակալ առաջնորդների և Հայ Եկեղեցու բարերարների, հանդիսավոր թափորով առաջնորդվեց Մայր Տաճար:
Նորին Սրբության օծման և գահակալության 16-րդ տարեդարձի բերկրալից օրվա առիթով` հավատացյալների երկրպագության համար, Մայր Տաճար էր բերվել Մայր Աթոռում պահվող Սկևռայի հռչակավոր մասնատուփի կրկնօրինակը, որում ափոփոված են համաքրիստոնեական և հայ 15 սրբերի մասունքներ:
Հավարտ Պատարագի արարողության, Խաժակ Սրբազանն Իջման Ս. Սեղանի առջև քարոզ ասաց՝ անդրադառնալով օրվա խորհրդին: «Ս. Պատարագին բերած մասնակցությամբ մենք` Հայ Եկեղեցու զավակներս, առիթ ենք ունենում մեր գոհաբանությունը, մեր երախտագիտությունը հայտնելու մեր Տիրոջը` իր շնորհած բոլոր բարիքների համար: Մենք այս Սրբություն սրբոցում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մեր երախտագիտությունն ենք հայտնում Աստծուն, որ մեզ առիթ է ընծայում հայ ժողովրդի մշակութային ժառանգության` Ս. Էջմիածնի` հավերժական ակունքի այս սրբազան խորանների առջև հավաքված` աղոթելու Ամենայն Հայոց Հայրապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի գահակալության 16-րդ տարեդարձի առիթով: Ոչ միայն աղոթելու, այլև մեր երախտագիտությունը, շնորհակալությունն ու շնորհավորանքները հայտնելու Վեհափառ Հայրապետին անցնող 16 տարիների ընթացքին արձանագրված բազում-բազում իրագործումների համար, որոնց շնորհիվ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին` այս օրերին առավել զորացած, Հայաստանում և ի սփյուռս աշխարհի շարունակում է իր առաքելությունը:
Աղոթքի և հոգևոր խորհրդածության այս պահին մենք` Հայ Եկեղեցու զավակներս, վերհիշում ենք այն իրողությունը, որ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը իր խորքով նախևառաջ քրիստոնեական է և իր էությամբ` հիմնված, հաստատված է պատմական երկու հրաշալի երևույթների հիման վրա: Առաջինը, որ տեղի ունեցավ Բեթղեհեմի խոնարհ մսուրի մեջ, երբ` ավելի քան երկու հազար տարիներ առաջ, Աստծու Միածին Որդին ծնունդ առավ` փրկելու ամբողջ աշխարհը: Այդ հրաշալի եղելությունը փոխեց համայն մարդկության պատմությունը, իսկ երկրորդը տեղի ունեցավ ճիշտ այստեղ: 1714 տարի առաջ, երբ Քրիստոս Լուսավորչի տեսիլքով հայտնվեց համայն հայության հոգևոր կենտրոնում, հայն ուխտեց հետևել և աշակերտել Քրիստոսին` իբրև Տեր և փրկիչ, իբրև ճանապարհ և ճշմարտություն ունենալով Միածնին: Ազգի և Քրիստոսի հավատքի միավորումը, միասնկանությունը ծնունդ տվեց հայ քրիստոնյա մշակույթին: Այն հարուստ մշակույթին, որ, փառք Աստծո, մենք` հայ ժողովրդի զավակներս, վայելում ենք մինչև այսօր:
Մեր ավանդության մեջ հոկտեմբեր ամիսը մենք հռչակում ենք հայ մշակույթի ամիս, քանի որ, ըստ Հայ Եկեղեցու տոնացույցի, հոկտեմբեր ամսին տոնախմբում ենք մեր Եկեղեցու ամենից կարևոր տոներից մեկը` Սրբոց Թարգմանչաց տոնը: Հիշում ենք Մեսրոպ Մաշտոցին, որ այդ օրերի Կաթողիկոս Ս. Սահակի ջանքերով ու քաջալերանքով կատարեց հայոց պատմության ամենից կարևոր գյուտը` հայ այբուբենի արարումը: Ս. Մեսրոպ Մաշտոցն իր շուրջը համախմբեց երիտասարդ հայ հոգևորականներին, վարդապետներին` թարգմանչաց այդ սքանչելի խումբը: Եվ հենց այդ սերունդն էր, որ Աստծո խոսքը` Աստվածաշունչը, վերածեց հայերենի: Այդ օրերը` 5-րդ դարի սկզբնական շրջանը, մեր պատմության ամենաճակատագրական, քաղաքական իմաստով ամենից դժվարինն էին: Հայաստանը բաժանված էր, և արտաքին ուժերի դեմ հայ ժողովուրդը չուներ միասնական ուժ, որ կարողանար պայքարել: Ահավասաիկ, այդպիսի ճակատագրական պահին Մեսրոպ Վարդապետը, իր շուրջը հավաքելով թարգմանիչ վարդապետների սերունդը, ստեղծեց հայոց պատմության կարևորագույն շրջանը` Ոսկեդարը, որի միջոցով հայը ոչ միայն հոգևոր, այլ նաև ազգային իմաստով կարողացավ զգալ միասնականությունը: Ոսկեդարի
ճանապարհով հայի համար սեփական ինքնությունը հստակ դարձավ` հիմնված Քրիստոսի հավատքի և ազգային կյանքի գիտակցության վրա: Քրիստոս, հավատքը, Հայրենիքը, ազգը և ազգային գիտակցությունը միավորվելով` կազմեցին հայոց ինքնությունը: Այդ ոգին է, որ 5-րդ դարում ուժ տվեց Մեծ Զորավար Վարդանին, Ղևոնդ Քահանային և իրենց հետևող հայ ժողովրդի զավակներին պարսից հսկայական բանակաին ասելու` «մեր հավատքից ոչ մի ուժ մեզ չի կարող բաժանել»: Այս հայտարարության հիմքը հայ ժողովրդի ինքնության գիտակցությունից է բխում, և Հայ Եկեղեցու ճանապարհով Ոսկեդարի այդ առաքելությունը շարունակական մնաց մեր ժողովրդի կյանքից ներս` և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում: Իսկ Հայ Եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսության ղեկավարությամբ և առաջնորդությամբ, մնաց ռահվիրան ու առաջնորդը` պահելու և պահապանելու այդ ոգին», - նշեց պատարագիչ Սրբազանն իր խոսքում:
Հանուն Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության իր շնորհավորանքի խոսքն ուղղելով Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալին՝ Սրբազան Հայրը մասնավորաբար հավելեց. «Վեհափա՛ռ Տեր, փառք ենք տալիս Աստծուն, որ Դուք` Գրիգոր Լուսավորչի և մեր երջանկահիշատակ Հայրապետների արժանավոր հաջորդը, անցնող 16 տարիների ընթացքում շարունակում եք այդ առաքելությունը: Մենք տեսնում ենք, թե ինչպես Ձեր իմաստությամբ, տեսիլքով ու անձանձրույթ աշխատանքով հարատևորեն այստեղ` Մայր Աթոռում, Հայաստանում, Սփյուռքում ամբողջանում են այն սքանչելի ծրագրերը, որոնց շնորհիվ Մեսրոպ Մաշտոցի ոգին` ոսկեդարի հայոց ինքնությունը, մեր օրերում շարունակվում է հայ ժողովրդի կյանքից ներս:
Բնականաբար, մենք գիտենք, որ ինչպես անցյալում, այնպես էլ այսօր մեր ժողովրդի առջև ծանրացել են բազամաթիվ դժվարություններ ու մարտահրավերներ: Եվ Դուք, Վեհափա՛ռ Տեր, Ձեր հարատևությամբ ու Ձեր խորունկ իմաստությամբ, ջանասեր աշխատասիրությամբ ձգտում եք Հայ Եկեղեցու սպասավորներիս ցույց տալ` ինչպես հաղթահարել առկա դժվարությունները` Հայ Եկեղեցին Հայաստանում և ի սփյուռս աշխարհի առաջնորդելով ավելի զորացման և առաքելության առավել աշխուժացած տարածման՝ մանավանդ մեր երիտասարդ սերնդի կյանքից ներս:
...Վեհափա՛ռ Տեր, Ձեր գահակալության 16-րդ տարեդարձի առիթով մենք բոլորս աղոթում ենք Ձեզ համար, որպեսզի Տերը Ձեզ ամուր և զորավոր պահի և Ձեր այդ հարատևությունը մշտապես մնա Ձեր մեջ, և այդ ոգով շարունակեք առաջնորդել Հայ Եկեղեցին»:
Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, հանդիսապետությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանքի արարողությունը, որի ընթացքում ներկաներն աղոթեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և պայծառության ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կյանքի արևշատության և արգասավոր հովվապետության համար: