Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Չինսուրա
Մարտի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շքախմբի, Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի եւ եկեղեցական վարչության անդամների ուղեկցությամբ Կալկաթայից մեկնեց Արեւմտյան Բենգալի ամենավաղ հայկական գաղթօջախը` Չինսուրա:
Չինսուրայում Հայրապետական պատվիրակությունն այցելեց Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը կառուցվել է 1697 թվականին եւ Արեւմտյան Բենգալի երկրորդ հնագույն եկեղեցին է:
Եկեղեցում Նորին Սրբությունն աղոթք վերառաքեց առ Բարձրյալն Աստված բոլոր այն հայորդիների հոգիների հանգստության համար, որոնք ժամանակին Հեռավոր Արեւելքում կենդանություն էին տվել հայոց կյանքի նշանավոր այս կենտրոնին: Այսօր Չինսուրայում որեւէ հայ չի բնակվում:
Կեսօրին Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Կալկաթա, ուր վերստին այցելեց Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան եւ որոշ ժամանակ անցկացրեց ճեմարանի սաների հետ` հայրական իր հորդորները, սերն ու օրհնությունը փոխանցելով նրանց:
Երեկոյան Գարեգին Բ Հայրապետն իր շքախմբով մեկնեց Մադրաս: