Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Մադրաս

Մարտի 2-ին Մադրասում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Մադրասում 1712 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որի հարեւանությամբ գտնվում է նաեւ հայկական գերեզմանատունը: Ու թեեւ Մադրասում հայկական բնակչություն չկա, սակայն եկեղեցին բաց է այցելուների համար:

Վեհափառ Հայրապետի այցի առիթով մոտակա շրջաններից բազում հնդիկներ էին եկել ողջունելու Նորին Սրբությանը եւ հայցելու Հայոց Կաթողիկոսի օրհնությունը:

Եկեղեցում Նորին Սրբության նախագահությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցվեց վերջին հինգ դարերի ընթացքում Հնդկաստանի հայ համայնքին իրենց հոգեւոր ծառայությունը բերած բոլոր հոգեւորականների հոգիների խաղաղության համար: Ապա Հայոց Հովվվապետը ծաղկեպսակ դրեց Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանի շիրմաքարին, ով 1794 թվականին նախաձեռնել էր հայոց առաջին պարբերականի` «Ազդարարի» հրապարակումը:

Եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նաեւ Մադրասի պատմական եւ ճարտարապետական պահպանության հանձնախմբի հետ եւ քննարկեց Սուրբ Աստվածածին եկեղեցու պահպանման եւ վերանորոգման ուղղությամբ Կալկաթայի համայնքի ձեռնարկած ջանքերին առնչվող խնդիրներ:

Կեսօրին Գարեգին Բ Կաթողիկոսն եղավ նաեւ Մադրասի հայտնի բլրի գագաթին գտնվող Սուրբ Թովմասի մատուռում, ուր նրան դիմավորեցին բազում քրիստոնյա հնդիկներ:

Հռոմեակաթոլիկ ավանդության համաձայն, սուրբ Թովմաս առաքյալն առաջին դարում այս բլրի վրա է նահատակվել, ուր հետագային կառուցվել է մի մատուռ, ապա` եկեղեցի: 1547 թվականին այս բլրի վրա կառուցվել է Հեռավոր Արեւելքում առաջին հայկական եկեղեցին: Եկեղեցին այսօր էլ կանգուն է: Այն գործում է, սակայն` Հռոմեակաթոլիկ եկեղեցու իշխանության ներքո: Հայկական արմատների մասին վկայում են եկեղեցում` հատկապես սուրբ սեղանի վրա առկա բազում արձանագրությունները, որմնանկարները եւ տապանաքարերի արձանագրությունները:

Երեկոյան հայրապետական պատվիրակությունն ուղեւորվեց Բոմբեյ: