Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Երուսաղեմ
Փետրվարի 15-16-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթաղիկոսը հովվապետկան այցով եղավ Երուսաղեմում: Հայրապետական պատվիրակության կազմում էին Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը եւ Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանն իբրեւ գավազանակիր:
Թելավիվի Բեն Հուրյոն օդանավակայանում Գարեգին Բ Հայրապետին դիմավորեցին Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները, Իսրայելի իշխանությունների, հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Գլխադիր Ս. Հակոբոս մատուռում աղոթքից հետո Սրբոց Հակոբյանց Մայր Եկեղեցում Գարեգին Բ կաթողիկոսն օրհնության խոսքով դիմեց հոգեւորականներին, կրթական հաստատությունների սաներին, հավատացյալներին:
Երեկոյան Երուսաղեմի հայոց միաբանությունը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ նշեց Թորգոմ պատրիարքի գահակալության 20, քահանայության 70 եւ ծննդյան 91 ամյակը: Հանդիսությանը մասնակցում էին Ղպտի, լատին, հույն ուղղափառ, այլ եկեղեցիների ներկայացուցիչներ:
Հանդիսության ընթացքում ընթերցվեց Թորգոմ Պատրիարքին Հայաստանի հանրապետության բարձրագույն` «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգեւատրելու մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը: Նորին Սրբությունը իր օրհնությունն ու գնահատանքը հայտնեց վաստակաշատ հոգեւորականին եւ նրան փոխանցեց պետական բարձրագույն պարգեւը:
Փետրվարի 16-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ շարունակվեց պատրիարքարանի միաբանական ժողովը: Քննարկվեցին Սուրբ երկրում Հայ եկեղեցու ունեցվածքի պահապանման ու տնօրինման, ինչպես նաեւ Երուսաղեմի Հայոց պատրիարքության առջեւ ծառացած այլ խնդիրներ:
Ամենայն Հայոց Հայրապետը եւ նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Ս. Հարության տաճար` խոնարհվելու եւ իրենց ուխտը նորոգելու Տիրոջ գերեզմանի առջեւ: