Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Բոմբեյ
Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բոմբեյ: Վեհափառ Հայրապետին եւ նրան ուղեկից շքախմբին ողջունեց Հնդիկ Մալաբար ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը Բոմբեյի միտրոպոլիտ Մար Կուրիլոսի գլխավորությամբ: Մալանկարա եկեղեցու հոգեւորականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Բոմբեյի Սուրբ Պետրոսի հայկական եկեղեցի, ուր շարականների եւ սաղմոսների երգեցողությամբ Նորին Սրբությանը դիմավորեցին Բոմբեյի հայազգի երեք բնակիչները, ինչպես նաեւ հնդիկ եկեղեցականներ եւ հնդիկ ուղղափառ հավատացյալներ:
Հայրապետական թափորը «Հրաշափառի» հանդիսավոր երգեցողության ներքո մուտք գործեց եկեղեցի: Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ու օրհնությունը բաշխեց ներկաներին: Վեհափառ Հայրապետը փառք եւ գոհություն վերառաքեց առ Աստված Հնդկաստանի հեռավոր ափերը հասնելու եւ հայ համայնքին ու նրա դարավոր ժառանգությունը տեսնելու հնարավորության համար: Դիմելով հնդիկ քրիստոնյաներին` Գարեգին Բ Կաթողիկոսը հորդորեց անսասան մնալ քրիստոնեական հավատի մեջ, հավատարիմ` Սբ. Թովմաս առաքյալի հիմնադրած Հնդիկ Մալաբար առաքելական սուրբ եկեղեցուն:
Բոմբեյի միտրոպոլիտ գերաշնորհ Մար Կուրիլոսն իր հերթին բարի գալուստ մաղթեց Ամենայն Հայոց Հովվապետին եւ նրան փոխանցեց Արեւելքի կաթողիկոս եւ Մալանկարա Պատրիարք Նորին Սրբություն Բազելիոս Մար Թոմա Դիդիմոս Ա եղբայրական ողջույններն ու սերը:
Երեկոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Նոր Դելի, որտեղից կվերադառնա Հայաստան: