Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց ՌԴ Նախագահի շնորհավորական ուղերձը

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Հանդիպման ընթացքում մեծարգո դեսպանը ջերմորեն շնորհավորեց Վեհափառ Հայրապետին գահակալության տասնամյակի առիթով եւ Նորին Սրբությանը հանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի շնորհավորական ուղերձը:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուսաստանում մեծ հարգանք են տածում հնագույն Հայ Եկեղեցու հանդեպ, որը բազում հարյուրամյակներ շարունակ պահել է քրիստոնեական հավատը: Բարձր ենք գնահատում Ռուս Ուղղափառ եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցիների միջեւ ձեւավորված բարի հարաբերությունները: Նրանք միշտ հատուկ դեր են ունեցել եւ ունեն մեր երկրների միջեւ բարեկամության եւ վստահության ամրապնդման գործում: Դրա տեսանելի վկայությունն է Մոսկվայում կառուցվող հայկական տաճարը եւ ռուս ուղղափառ եկեղեցին` Հայաստանի տարածքում: Դրանում, անկասկած, կա նաեւ անձամբ Ձեր ավանդը, իբրեւ հեղինակավոր կրոնական գործիչ, ով մեծ ուշադրություն է հատկացնում ռուս-հայկական հումանիտար կապերին:

Դուք նշանակալի ներդրում ունեք նաեւ միջկրոնական երկխոսության ամրապնդման գործում: Վստահ ենք, որ Ձեր ջանքերը ԱՊՀ Միջկրոնական խորհրդի շրջանակներում, որի համահիմնադիրն է Հայ Առաքելական Եկեղեցին, կնպաստեն խաղաղության եւ կայունության ապահովմանը Հարավային Կովկասում»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորին շնորհակալությունը հայտնեց ՌԴ նախագահի շնորհավորական ջերմ ուղերձի համար` հաստատելով, որ Հայ Եկեղեցին, հավատարիմ երկու ժողովուդների եւ Եկեղեցիների միջեւ առկա բազմադարյա ջերմ, եղբայրական հարաբերությունների ոգուն, պիտի շարունակի իր ջանքերը գործադրել երկու ժողովուրդների եւ երկրների միջեւ կապերի առավել ամրապնդման համար: