Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը 26.05.2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշան

     Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին, Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և ԵԿՄ վարչության անդամներին: Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

     Հանդիպման սկզբում տիար Մանվել Գրիգորյանն իր երախտագիտությունը հայտնեց Նորին Սրբությանը մայիսի 8-ին` Երկրապահի օրը, Մայր Տաճարում և հայաստանյան թեմերի եկեղեցիներում մատուցված սուրբ և անմահ Պատարագի ու զոհված ազատամարտիկների հոգիների հանգստության համար կատարված հոգեհանգստյան կարգի համար: Ապա ԵԿՄ վարչության նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց ԵԿՄ բարձրագույն պարգև «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանը:

     

 


      

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց պարգևի հանձնման առիթով` այն ընդունելով իբրև հայոց նվիրյալ զավակների ամենաթանկ զոհաբերության` Հայրենիքին նվիրաբերված կյանքի և հեղված արյան խորհրդանիշ: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին և միության անդամներին` անդրադառնալով այն անձնվեր ծառայանվիրումին ու ներդրմանը, որ երկրապահներն ունեցան  Արցախի ազատագրման և Մայր Հայրենիքի սահմանների անխաթար պահպանման նվիրական գործում: Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթեց, որ ԵԿՄ վարչության շարքերը միշտ ամրակուռ լինեն, և երկրապահները միասնական ոգով, հայրենասիրական ջերմ զգացմունքներով շարունակեն իրենց ծառայությունը բերել ի խնդիր հայ ժողովրդի ազատ կյանքի պահպանության և նվիրական իղձերի իրագործման: Հայոց Հայրապետը վստահությամբ ընդգծեց նաև, որ հայրենասիրական ոգին մշտապես բոցավառ կերպով փայլատակելու է հայ ժողովրդի հոգում, իսկ պատմությունն ու հերոսական կերպարները շարունակ ոգշնչելու են հայորդիներին իրենց բարի արարումներում ի սեր Հայրենիքի բարօրության ու պայծառության:

     

 

     
      Զրույցի ընթացքում ներկայացվեցին նաև ԵԿՄ կրթական ծրագրերը` ուղղված երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը: