Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Անտիոքի ու Համայն Արևելքի Պատրիարքը մասնակցեցին Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս. Մոր Իգնատիուս Եփրեմ Բ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցեցին Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողությանը:
Եկեղեցականաց դասի կողմից կատարվեց UWC Դիլիջան քոլեջի օրհնության կարգ, որի ավարտին Հայաստանյայց Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների հովվապետերն իրենց օրհնությունը բերեցին ներկաներին:
Այնուհետև այս առիթով արարողության մասնակիցներին իր պատգամն ու գնահատանքի խոսքն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԽՈՍՔԸ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ
ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության, Տիար Սերժ Սարգսյան,
Մեծարգո Նախագահ Արցախի Հանրապետության, Տիար Բակո Սահակյան,
Մեծարգո Նախագահ Սերբիայի Հանրապետության, Տիար Տոմիսլավ Նիկոլիչ,
Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդ,
Միջազգային դպրոցի հարգարժան հիմնադիրներ, ուսուցիչներ, սիրելի սաներ և ներկաներ,
Գոհունակ սրտով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ Դիլիջանի միջազգային դպրոցի բացման հանդիսավոր արարողության առիթով:
Ողջունում ենք «Միացյալ աշխարհի քոլեջներ» կրթական կազմակերպության գործունեության շրջանակներում Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը: Կրթօջախների բացումը միշտ բարի և լուսավոր հույսերի ավետիս է ու առիթ: Ուսումն ու կրթությունը եղել և մնում են կյանքի առաջընթացի և հասարակության բարեփոխման հիմնական գրավականները:
Բարձր ենք գնահատում, որ «Միացյալ աշխարհի քոլեջներ» կրթական կազմակերպությունն աշխարհի բազմաթիվ երկրներում հիմնադրած իր կրթական հաստատություններում ուսման ու կրթության շուրջ միավորում է տարբեր ազգերի ու ժողովուրդների զավակների` դրանով իսկ նպաստելով մարդկանց միջև խաղաղության ու
բարեկամության ամրապնդմանը, ազգամիջյան համագործակցության ընդլայնմանը և մարդկության ապահով ու անվրդով կյանքի ու զարգացման նպատակների իրագործմանը: Սա մեծ առաքելություն է, առաքելություն, որն արդիական է եղել ինչպես նախկինում, այնպես և ներկայիս, երբ աշխարհն ալեկոծվում է սիրո պակասից, անհանդուրժողականությունից, կրոնական ու ազգայնական ծայրահեղականության դրսևորումներից, որոնց ցավալի հետևանքները այսօր տեսանելի են հատկապես Մերձավոր Արևելքում:
Դիլիջանում բացվող այս դպրոցը, որ առայժմ միակն է տարածաշրջանում, նույնպես տեղակայված է աշխարհա-քաղաքական այնպիսի գոտում, որի ամենաբնորոշ բնութագրիչներից մեկը «փխրուն խաղաղությունն» է: Մեր երկիրը` Հայաստանը և մեր ժողովուրդը մշտապես դրսևորել է իր հավատարմությունը խաղաղ համակեցության ու գործակցության համամարդկային արժեքներին` դրա համար, ինչպես անցյալին, այնպես էլ այսօր, հաճախ վճարելով իր արյամբ ու կյանքով: Այս իմաստով Մենք խիստ խորհրդանշական ենք նկատում Հայաստանում նմանօրինակ դպրոցի հիմնադրումը:
Կրթությունը մեր ժողովրդի ավանդական առաջնահերթություններից է: Վանքերն ու եկեղեցիները, որոնցով շրջապատված է Դիլիջանի միջազգային այս դպրոցը, մեր ժողովրդի համար մշտապես եղել են նաև օջախներ ուսման ու կրթության: Հավատացած ենք, որ այս սրբավայրերից ճառագող օրհնությունն առավել արդյունավոր պիտի դարձնի դպրոցի առաքելությունը և առավել պտղաբեր` ջանքերը դպրոցի հիմնադիրների, ուսուցիչների և աշակերտների:
Մեր առաջին բարեմաղթանքն ուղղված է դպրոցի ուսուցիչներին և սաներին, որպեսզի ամենայն սիրով ու ջանադրությամբ ուսուցանեն և ուսանեն, կարողանան գնահատել և մանավանդ՝ հարգանքով վերաբերվել ինչպես սեփական, այնպես և այլ ժողովուրդների հոգևոր ու մշակութային արժեքներին:
Մեր օրհնությունն ու մաղթանքն ենք բերում ՀՀ Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, ԼՂՀ Նախագահ Տիար Բակո Սահակյանին և պետական պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տիար Տոմիսլավ Նիկոլիչին, ովքեր իրենց ներկայությամբ առավել նշանակալի են դարձնում դպրոցի բացման հանդիսավոր այս արարողությունը՝ հավելյալ պատասխանատվություն ներշնչելով դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին, կրթական գործի կազմակերպման ու իրականացման իրենց առաքելության մեջ:
Եղբայրական սիրով ողջունում ենք այստեղ ներկայությունը Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետ, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի, ով իր ընտրությունից հետո առաջին անգամը լինելով այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Մեր զորակցությունն ենք բերում Նորին Սրբությանը՝ ի դիմաց Սիրիայում հավատավոր ասորի ժողովրդի դիմագրաված դժվարությունների ու նեղությունների:
Մեր բարեմաղթանքներն ու գնահատանքն ենք բերում նաև Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներին ու կառավարիչներին` Տիար Ռուբեն Վարդանյանին և նրա մեծազնիվ Տիկնոջը` Վերոնիկա Զոնաբենդին, Տիար Գագիկ Ադիբեկյանին, Տեր և Տիկին Նուբար և Աննա Աֆեյաններին, Տիար Վլադիմիր Ավետիսյանին, Տիար Օլեգ Մկրտչյանին և Տիար Ջոն Փադըֆութին:
Աղոթում ենք, որ Ամենողորմ Տերը խաղաղություն պարգևի համայն մարդկությանն ու ամբողջ աշխարհին և օրհնելով բազմապատկի ներդրվող բոլոր այն ջանքերն ու նախաձեռնությունները, որոնք նպաստելու են խաղաղության ու մարդկանց միջև համերաշխության հաստատման աստվածահաճո գործին:
Տիրոջ սերը, շնորհն ու խաղաղությունը ամենքիդ հետ լինեն: Ամեն: