Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծեց Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցին
Նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ջերմուկ քաղաքի նորակառույց Սուրբ Գայանե եկեղեցու օծման արարողությունը: Եկեղեցին կառուցվել է մեկ տարվա ընթացքում` տիար Աշոտ Արսենյանի եւ Արսենյան եղբայրների բարերարությամբ: Ճարտարապետն է Սամվել Աղաջանյանը:
Ամենայն Հայոց Հայրապետին Ջերմուկ քաղաքի մատույցներում դիմավորեցին Սյունյաց թեմի առաջնորդ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը, Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Աբգար վարդապետ Հովակիմյանը եւ թեմի եկեղեցականները: Նորակառույց եկեղեցու մոտ Նորին Սրբությանը սպասում էին Ջերմուկի հազարավոր բնակիչներ` տարեցներ, երիտասարդներ եւ մանուկներ: Վեհափառ Հայրապետը եկեղեցականների թափորով, օրհնելով հավաքված ժողովրդին, առաջնորդվեց Սբ. Գայանե եկեղեցի:
Մինչ եկեղեցու օծումը Աբրահամ Սրբազանը կատարեց եկեղեցու գմբեթի խաչի օծումը, ապա սկսվեց եկեղեցու օծման արարողությունը: Վեհափառ Հայրապետի ձեռամբ օծվեցին Սբ. Սեղանն ու Խորանի` չորս Ավետարանիչների անուններով չորս սյուները: Այնուհետեւ Աբրահամ Սրբազանն օծեց մկրտության ավազանն ու եկեղեցու մնացյալ սյուները:
Օծման արարողությունից ավարտին, եկեղեցու մուտքի առջեւ իր խոսքում Աբրահամ Սրբազանը նշեց, որ Վայոց Ձորում կրկնակի եկեղեցական տոնախմբություն է, քանի որ նույն օրն արդեն մի նոր եկեղեցի բացվել էր Կեչուտում, եւ ահա այդ ուրախությունը բազմապատկելու եկավ նաեւ Ջերմուկի եկեղեցու բացումը: Սյունյաց թեմի առաջնորդը երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` արարողությունը հանդիսապետելու համար: Ջերմուկ քաղաքի բնակչության անունից Վեհափառ Հայրապետին շնորհակալություն հայտնեց քաղաքի բնակիչ Էդգար Ղազարյանը:
Այնուհետեւ իր սրտի խոսքը հնչեցրեց նաեւ եկեղեցու բարերարը: Տիար Արսենյանն իր շնորհակալությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին ներկայության համար, ապա նաեւ երախտագիտություն հայտնեց եկեղեցու կառուցմանը մասնակից բոլոր անձանց: Հավարտ իր խոսքի տիար Արսենյանը Նորին Սրբությանը հանձնեց եկեղեցու վկայականը:
Հանդիսությունը եզրափակվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության խոսքով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փառք վերառաքեց Աստծուն, որ Հայրենիքի նվիրական հողի վրա մի նոր եկեղեցի բարձրացավ, ուր մեր ժողովրդի զավակները պիտի իրենց աղոթքն առ Աստված բարձրացնեն եւ իրենց հոգու խաղաղությունը գտնեն: Նորին Սրբությունը, խոսելով Քրիստոսի հավատի փառաց լույսի մասին, որ Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից ամփոփվեց Միածնաէջ Տաճարի Իջման Սբ. Սեղանի կանթեղի մեջ, որտեղից էլ այդ լույսը ճառագվում է եւ վառվում աշխարհասփյուռ հայության եկեղեցիների խորաններում, նշեց. «Ահա այսօր, սիրելիներ, այդ լույսը վառվեց նաեւ Ջերմուկ քաղաքում եւ նրա շրջակայքում: Եվ դուք պիտի գաք ձեր հոգին ջերմացնելու այդ լույսով, ձեր միտքը պայծառացնելու այդ լույսով, որ ճառագելու է Սբ. Գայանե այս նորակառույց եկեղեցու Սբ. Խորանից: Պիտի գաք այդ լույսի ներքո զորացնելու ձեր հավատքը, աստվածսիրության ձեր ոգին, որովհետեւ աստվածսիրությամբ է, որ պիտի կարողանաք հետեւողը լինել Աստուծո պատվիրանների ու պատգամների, այդ պատվիրանների ու պատգամների վրա շենացնել հայրենական մեր կյանքը, ինչպես եւ անհատական ձեր կյանքը: Այդ աստվածսիրությամբ է նաեւ, որ պիտի ձեր հոգին դարձնեք սրբազան տաճարներ Տիրոջ, պիտի դարձնեք սրբազան տաճարներ Աստուծո համար, որպեսզի այնտեղ Աստված բնակվի: Մենք գիտենք մեր պատմությունից, որ մեր կառուցած քարեղեն տաճարները բազմիցս ավերվել են, բազմիցս ոչնչացվել, սակայն թշնամին երբեք չի կարողացել կործանել մեր հոգու մեջ կառուցված տաճարը, որովհետեւ այն հաստատված է եղել մեր զորեղ հավատքի վրա, մեր հայրերի սրբազան ժառանգության վրա, նրանց նահատակված սուրբ արյամբ են շաղախված եղել մեր հոգու տաճարի ամուր հիմերը: Հոգին է կենդանարար, եւ մենք պիտի շարունակենք մեր կենդանարար հոգին զորեղ պահել աղոթքով, աստվածսիրությամբ, բարի գործերով, որոնք պիտի բխեն առ Հայրենիք սիրուց եւ առ Աստված սիրուց»:
Նորին Սբությունը նաեւ իր բարձր գնահատանքը բերեց եկեղեցու բարերարին ու նրա ընտանիքին, մարզի եւ քաղաքի իշխանություններին եւ ապա վստահություն հայտնեց, որ բարեպաշտ հայորդիներն իրենց աղոթքով ու նախանձախնդրությամբ շեն ու պայծառ պիտի պահեն նորակառույց եկեղեցին:
Հավարտ իր խոսքի Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան հանձնեց տիար Աշոտ Արսենյանին:
Նորին Սրբությանն ուղեկցում էին Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Թորգոմ վրդ. Տոնիկյանը, Մայր Աթոռի փոխդիվանապետ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը, Նորին Սրբության գավազանակիր Տ. Հովնան աբեղա Հակոբյանը եւ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քհն. Մելիքյանը:
Օծման արարողությանը ներկա էին ՀՀ Կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, Վայոց Ձորի եւ Ջերմուկ քաղաքի իշխանությունների ներկայացուցիչներ: