Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վահագն Ստամբոլցյան մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վահագն Ստամբոլցյան մահվան կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ցավակցություն է հայտնել երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան առիթով:

Վեհափառ Հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. ՙԽորը ցավով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի արժանավոր և տաղանդաշատ զավակ, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մահվան մասին£

...Վահագն Ստամբոլցյանի աստվածաշնորհ կյանքը եղավ ամբողջական նվիրում հայ մշակույթին և երաժշտական արվեստին: Նա տասնամյակներ շարունակ գնահատելի նպաստ է բերել ազգային և հոգևոր-մշակութային վերազարթոնքին, ինչպես նաև երգեհոնային երաժշտության դարավոր արժեքները մատուցել երաժշտասեր հասարակությանը` իր ունկնդիրների հոգում զորացնելով սերը և նվիրումը հանդեպ հոգևոր, սրբազան արժեքները:

Մեծ էր նաև լուսահոգի Վահագն Ստամբոլցյանի մանկավարժական վաստակը, ով երկար տարիներ անսպառելի կորովով ու նվիրումով դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում իր իսկ ջանքերով հիմնված երգեհոնի դասարանում` ծառայելով երաժիշտների նոր սերնդի պատրաստության շնորհակալ գործին: Մխիթարությամբ ենք հիշում, որ բարձր գնահատելով բարեհիշատակ Վահագն Ստամբոլցյանի վաստակը հայ երաժշտության և արվեստի անդաստանում` Հայրապետական Կոնդակով նվիրյալ հայորդուն շնորհել ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ՙՍուրբ ՍահակՍուրբ Մեսրոպ՚ պատվո բարձր շքանշանը:

Ի խորոց սրտի աղոթում ենք առ Ամենողորմ Տերը, որ Իր անսահման ողորմությամբ ու գթությամբ երկնային լուսե բարձունքներում հանգստություն պարգևի հանգուցյալի հոգուն՚: