Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 1-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված 58 անմեղ զոհերի եւ Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին:
Նորին Սրբության նամակում մասնավորապես ասված է. «Դիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունն ապահովելու կոչով` միաժամանակ խստորեն դատապարտում ենք այս անթույլատրելի արարքը, որը միջկրոնական ատելություն բորբոքելու կանխամտածված քայլ է այնպիսի մի երկրում, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են սիրո եւ խաղաղության մեջ: Խորապես ցավակցում ենք Ձերդ Սրբությանը, Իրաքի Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու Պատրիարքին, եկեղեցականներին ու հավատավոր ժողովրդին եւ աղոթում առ Ամենողորմածն Աստված, որպեսզի Իր սիրով եւ ողորմությամբ Աստծո արքայության մեջ ընդունի անմեղ զոհերի հոգիները»: