Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Պավլե Պատրիարքի մահվան առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է ուղղել Սերբ Ուղղափառ Եկեղեցու սինոդի նախագահ, Ցետինայի արքեպիսկոպոս, Չերնոգորյա_Պրիմորիայի մետրոպոլիտ, Սերբ Ուղղափառ Եկեղեցու պատրիարքական տեղապահ Նորին Սրբազնություն Ամֆիլիքտին` Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Պավլե Պատրիարքի մահվան առիթով:
Հայոց Հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրտի կսկիծով տեղեկացանք, որ 2009 թ. նոյեմբեր 15-ին ի Տեր հանգեավ մեր սիրեցյալ եղբայր` Պավլե Պատրիարքը:
Մեր ցավակցություններն ենք բերում Սերբ Ուղղափառ Եկեղեցու հոգեւորականաց դասին եւ ողջ հավատացյալ ժողովրդին, Սերբիայի հանրապետության իշխանություններին, երանաշնորհ հայրապետի մահվան առթիվ:
Երանաշնորհ Պավլե Պատրիարքը ապրեց եւ գործեց Եկեղեցու եւ Սերբ ժողովրդի պատմության համար վճռորոշ մի ժանանակաշրջան: Հակառակ աթեիստական տարբեր վարչակարքերի հալածանքներին ու փորձություններին` երանաշնոր Հայրապետը անսասան կանգնեց իր հոտի կողքին, որպես հովիվ, եպիսկոպոս եւ Պատրիարք: Նա առաջնորդեց Սերբ Ուղղափառ Եկեղեցին, որպես քաջ հովիվ եւ սիրված առաջնորդ:
Նրա սխրալից կյանքի օրինակը եւ թողած մեծ ավանդը` Բալկանյան երկրներում խաղաղության հաստատման, կրոնների երկխոսության եւ Սերբ ժողովրդի ազգային իրավուքների պաշտպանության գործում` ներշնչման աղբյուր են սերունդների համար եւ իր մասին են խոսելու գերեզմանից այն կողմ: Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը Մեր Հիսուս Քրիստոս իր երանավետ օթեւաններում հանգչեցնի Պավլե հայրապետի հոգին եւ հայցում ենք Սուրբ Հոգու մխիթարությունը Սերբ Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Իշխանությունների եւ նրա հավատավոր զավակների համար»:
Սերբ Ուղղափառ Եկեղեցու պետ Պավլե Պատրիարքի հուղարկավորության արարողություններին հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսության մասնակցելու է Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Մեսրոպ արք. Գրիգորյանը: