Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքին

Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Նորին Սրբություն Ալեքսի Բ Պատրիարքին:

Ցավակցագրի մեջ մասնավորապես ասվում է. «Այս ծանր պահին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն Հոգեւոր Խորհրդի, եկեղեցականաց դասի եւ հավատավոր հոտի անունից Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Սրբությանը, հանգուցյալների հարազատներին ու մտերիմներին եւ Ռուսաստանի համայն ժողովրդին:

Աղոթք ենք բարձրացնում տուժածների շուտափույթ ապաքինման համար: Հայցում ենք Ամենողորմ Տիրոջը, որ երկնային Իր հարկերում հանգստության մեջ ընդունի զոհվածների հոգիները եւ Սուրբ Հոգով մխիթարի բոլոր սգավորներին»: