Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Հույն Եկեղեցու Սուրբ Սինոդին եւ հույն ժողովրդին
Հունվարի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է ուղղել Հույն Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդի անդամներին, Հունաստանի Հանրապետության նախագահին եւ Հույն Եկեղեցու բարեպաշտ ժողովրդին` Աթենքի եւ Համայն Հունաստանի հոգեւոր պետ` Նորին Ամենապատվություն Քրիստոդուլոս արքեպիսկոպոսի մահվան առիթով:
Հայոց Հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Խորը վշտով տեղեկացանք, որ սույն թվականի հունվար 28-ին վախճանվեց Աթենքի եւ Համայն Հունաստանի հոգեւոր պետ Նորին Ամենապատվություն Քրիստոդուլոս արքեպիսկոպոսը:
Հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի` Մեր ցավակցությունն եւ սրտակցությունն ենք հայտնում Հույն Ուղղափառ Եկեղեցու Հոգեւոր Սինոդին, Հունաստանի Հանրապետության նախագահին եւ Հույն Եկեղեցու բարեպաշտ ժողովրդին:
Քրիստոդուլոս արքեպիսկոպոսը գահակալության տասը տարիների ընթացքում իրականացրեց միջեկեղեցական բազում ձեռնարկումներ եւ նպաստեց քույր Եկեղեցիների միջեւ համագործակցության եւ փոխըմբռնման ընդլայնմանը, որի համար փառք եւ գոհություն ենք հայտնում մեր Տեր Հիսուս Քրիստոսին:
Ափսոսում ենք, որ առողջության վատթարացման պատճառով հնարավոր չեղավ Քրիստոդուլոս արքեպիսկոպոսի նախատեսված այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` միասնաբար աղոթելու եւ առավել զորացնելու սիրո այն համագործակցությունը, որ առկա է Մեր քույր Եկեղեցիների եւ մեր բարեպաշտ ժողովուրդների միջեւ»:
Աթենքի եւ Համայն Հունաստանի հոգեւոր պետի հուղարկավորության արարողություններին հանուն Ամենայն Հայոց Կաթողիկոսության մասնակցելու է Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը: