Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքի մահվան առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով:
Վեհափառ Հայրապետի ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Ասորի Ուղղափառ Եկեղեցին կորցրեց «լավ հովվի», ով վերջին երեսունչորս տարիների ընթացքում մեծ նվիրումով ու սիրով իրականացրեց Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը: Մեծ նախանձախնդրությամբ և իմաստությամբ երջանկահիշատակ Իգնատիուս Զաքքա Ա Պատրիարքն առաջնորդեց Ասորի Ուղղափառ Եկեղեցին հատկապես Միջին Արևելքում ներկայիս տիրող դժվարին քաղաքական իրավիճակում:
Շնորհիվ Զաքքա Պատրիարքի ջանքերի վանական կյանքը վերածնունդ ապրեց և զարգացավ, Ասորի Ուղղափառ Եկեղեցին կարևոր ներդրում ունեցավ միջեկեղեցական և միջկրոնական երկխոսություններում, ինչպես նաև աշխարհում համերաշխության և խաղաղության խրախուսման գործում:
Մեր Եկեղեցիների միջև եղբայրական և ջերմ հարաբերությունները դրսևորվել են տարբեր պաշտոնական այցերով և շփումներով, որոնց մենք ականատես ենք եղել և՛ մեր երջանկահիշատակ նախորդների գահակալության շրջանում, և՛ մեր օրոք անձնական հանդիպումների ժամանակ»:
Ամենայն Հայոց Հայրապետը, աղոթելով Ի Տեր հանգուցյալ Պատրիարքի համար, Սուրբ Հոգու մխիթարություն է մաղթել Ասորի Եկեղեցու հոգևոր սպասավորներին ու հավատավոր հոտին: