Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հարավային Կորեա կատարած իր այցից, ուր մասնակցում էր Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համագումարին:
Վերադարձին Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Չինաստան, մասնավորապես` Պեկին, Շանհայ, Քուանզու քաղաքներ, ինչպես նաև Հոնկոնգ` ծանոթանալու հայ համայնքային կյանքին և իր օրհնությունը փոխանցելու հայորդիներին:
Հոնկոնգում նոյեմբերի 9-ին Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա գտնվեց «Հայ տուն» կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա էին տարածաշրջանի քաղաքներից ու տարբեր երկրներից ժամանած շուրջ 150 հայորդիներ: Ազգային ու հոգևոր կյանքի կազմակերպման համար կենտրոնի սրահը Հոնկոնգի հայ համայնքին տրամադրել են տեր և տիկին Ջակ և Ջուլի Մաքսյանները:
Արարողության ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը բերեց հավաքված հայորդիներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Հայ տուն» կենտրոնի համար օծեց նաև Աստվածամոր սրբապատկեր և վեմ քար, որպեսզի կենտրոնում պարբերաբար Ս. Պատարագներ մատուցվեն` տեղի հայ համայնքի հոգևոր կարիքների համար: