Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով հովվապետական այցը ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմ, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին Վանական խորհրդի նախագահ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագչյանը, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը եւ Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նորին Սրբությանը դիմավորեցին Մայր Աթոռի միաբանները, եւ Մայր Տաճարի զանգերի ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետին թափորով առաջնորդեցին Մայր Տաճար, ուր Իջման Սբ. Սեղանի առջեւ կատարվեց բարիգալստյան արարողություն: Հավարտ աղոթքի Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությանը ողջունեց Փառեն Սրբազանը` մեծապես կարեւորելով Հայրապետի այցն ԱՄՆ Արեւելյան թեմ եւ անդրադառնալով Նորին Սրբության բացակայությամբ Մայր Աթոռի միաբանության գործունեությանը: Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փառք եւ գոհություն հայտնելով Աստծուն, ուրախություն հայտնեց, որ վերստին Մայր Աթոռի միաբանության հետ է եւ անդրադարձավ Հովվապետական մեկամսյա այցի մանրամասներին:
Նոյեմբեր 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի Նորին Սրբության գահակալության ութերորդ տարեդարձի առիթով կատարվելու է Հայրապետական մաղթանք: