Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մայիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով եղբայրական այցը Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բենեդիկտ ԺԶ Պապին, վերադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը չորս օր անցկացրեց Վատիկանում: Մայիսի 7-ի առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Սուրբ Պողոսի տաճարի տակ գտնվող երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ Պապի շիրիմին, ուր աղոթեց նրա հոգու հանգստության համար: Այնուհետեւ Նորին Սրբությունն այցելեց Սուրբ Պետրոսի բակում գտնվող Սբ. Գրիգոր Լուսավորչի հրապարակ, ուր Հովհաննես Պողոս Բ Պապի օրոք տեղադրվել էր Հայ Եկեղեցու հավատքի հոր արձանը:
Այնուհետեւ պատվիրակության անդամները մասնակցեցին Սուրբ Պետրոսի հրապարակում կազմակերպված հանդիպմանը, որին նախագահում էին Բենեդիկտ ԺԶ Պապը եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Երկու հովվապետերը ողջույնի խոսքեր փոխանակեցին եւ ողջագուրվեցին Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Մայր Տաճարի դիմացի հարթակում` ավելի քան 35 հազար հավատացյալների առջեւ:
Նույն օրն Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սալեզիանի Պապական համալսարան, ուր հանդես եկավ բանախոսությամբ: Ի գնահատություն քրիստոնեական դաստիարակության եւ երիտասարդության կրթությանն ուղղված գործունեության` Նորին Սրբությունը պարգեւատրվեց պատվավոր դոկտորի աստիճանով: Պարգեւատրման արարողությանը ներկա էին Վատիկանի պետքարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեն եւ Քրիստոնեական միության աջակցման քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Վալտեր Կասպերը:
Մայիսի 8-ին Ամենայն Հայոց Հայրապետը Արեւելյան Եկեղեցիների հարցերով Վատիկանի Խորհրդի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիի եւ իր պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Հռոմի Պապական Արեւելյան ինստիտուտ եւ իր օրհնությունն ու ողջույնները փոխանցեց Հայոց Սրբազան Պատարագի արարողությանը նվիրված գիտաժողովի մասնակիցներին: Հայր Ռոբերտ Թաֆթի ջանքերով կազմակերպված գիտաժողովին զեկույցներով հանդես եկան հայ եւ կաթոլիկ գիտնականներ Եվրոպայից եւ Հյուսիսային Ամերիկայից:
Մայիսի 9-ի առավոտյան հայոց պատվիրակությունն ուղեւորվեց Վատիկանի Առաքելական պալատ, ուր մասնակցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Բենեդիկտ ԺԶ Պապի հանդիպմանը: Հանդիպման ընթացքում երկու Հովվապետերը կրկին ողջույնի եւ եղբայրական սիրո ջերմ խոսքեր փոխանակեցին, անդրադարձան Հայ Առաքելական Եկեղեցու եւ Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու սերտ կապերին եւ համագործակցությանը: Երկու առաջնորդների նախագահությամբ տեղի ունեցավ կարճ աղոթք, այնուհետեւ հավատացյալները մոտեցան Հայոց Հայրապետին եւ Հռոմի Պապին` նրանց աջերը համբուրելու եւ օրհնություն ստանալու համար: Հանդիպման ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Բենեդիկտ ԺԶ Պապն առանձնազրույց ունեցան, որի ընթացում քննարկեցին երկու եկեղեցիներին հուզող մի շարք խնդիրներ:
Նույն օրը կեսօրին Վատիկանի հյուրանոցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս Ռոուան Վիլյամսի հետ, ով այս շրջանին գտնվում էր Վատիկանում: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը եւ Քենթրբերիի արքեպիսկոպոսը վերհիշեցին 2007 թ. սեպտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած նրա եղբայրական այցը, ինչպես նաեւ անդրադարձան Անգլիկան Եկեղեցու Լամբեթի գալիք ժողովին եւ քույր եկեղեցիների հետ ներկայիս հարաբերություններին:
Այցի ավարտին, Սուրբ Պողոսի տաճարում` Պողոս առաքյալի շիրիմի մոտ տեղի ունեցավ էկումենիկ աղոթքի արարողություն` հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, որին մասնակցում էին Հռոմեակաթոլիկ եւ Հայ Առաքելական Եկեղեցու եպիսկոպոսներ եւ այլ հոգեւորականներ:
Պաշտոնական այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին նաեւ հայ եւ կաթոլիկ եկեղեցիներ ու սրբատեղիներ:
Մայիսի 10-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ նրան ուղեկցող բարձրաստիճան հոգեւորականները մեկնեցին Միլան, ուր Նորին Սրբությունը հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ, նախագահեց Միլանի Սուրբ Քառասուն մանուկների հայկական եկեղեցու հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումները: Մայիսի 11-12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալվեց Վենետիկում` Սուրբ Ղազար կղզում, ուր հանդիպում ունեցավ Մխիթարյան միաբանության հետ: