Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին

Հուլիսի 16-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավարտելով պաշտոնական այցը Մոսկվա, վերադարձավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:

Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը շքախմբի անդամներով հանդիպում ունեցավ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ եւ իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու նորընտիր գահակալին:

«Ձերդ Սրբություն, եկել ենք վերամրագրելու եղբայրական սիրո եւ բարեկամության այն ուխտը, որ համատեղ աղոթքով, աշխատանքով եւ սիսյանց զորակցությամբ կնքել են մեր նախորդ Հայրապետները եւ մեր ժողովուրդները եւ որը հիմն է մեր երկու Եկեղեցիների համագործակցության»,- ասաց Վեհափառ Հայրապետը` բարձր գնահատելով նաեւ Ռուս Եկեղեցու եւ իշխանությունների աջակցությունը ռուսահայ համայնքին եւ Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմին:

Ամենայն Հայոց Հայրապետի եւ Ռուսիո Պատրիարքի հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկու եկեղեցիներին հուզող հարցեր, անդրադարձ է եղել ԼՂ խաղաղ կարգավորման խնդրին: Որոշվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի միջնորդությամբ շարունակել մոսկովյան եռակողմ հանդիպումները` Ռուս Ուղղափառ եկեղեցու, Հայ Առաքելական եկեղեցու եւ Ադրբեջանի մուսուլմանների հոգեւոր պետերի միջեւ: