Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից-հատուցում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Պատգամ՝ «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից-հատուցում» գիտաժողովի մասնակիցներին

     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել հոկտեմբերի 15-ին Երևանում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Նորին Սրբության խոսքը գիտաժողովի բացմանը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ 100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

     Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը և Հայրապետական Մեր օրհնությունը հղում գիտաժողովի բոլոր մասնակիցներին:
     1915 թվականը հազարամյակների մեր պատմության ամենաողբերգական էջն է, որը հայրենազրկումի, մարդկային ու նյութական մեծ կորուստների անամոքելի ցավի դառը հիշողություններ է թողել մեր ժողովրդի հոգում: 20-րդ դարասկզբին ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ հայորդիներ` իրենց հավատի ու ազգային պատկանելության համար զոհ գնացին Օսմանյան Կայսրության կողմից իրագործված անմարդկային ոճրագործությանը` Հայոց Ցեղասպանությանը: Ավերվեցին մեր շեներն ու բնակավայրերը, թալանվեցին ու քանդվեցին մեր վանքերն ու եկեղեցիները, ոչնչացվեց մեր հայրերի ստեղծած մշակութային ժառանգությունը:
     Պատմական իր Հայրենիքի մեծագույն մասը կորցրած, մեծ դժվարությունների գնով իր կյանքը վերակառուցած մեր ժողովուրդը Ցեղասպանության դաժան հետևանքները զգում է առ այսօր: Որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մեր պայքարը, մեր ջանքերը նպատակաուղղված են ցեղասպանությունների ու բռնությունների դատապարտմանը, որպեսզի աշխարհում երբեք չվտանգվի ժողովուրդների ազատ և խաղաղ ապրելու աստվածաշնորհ իրավունքը:
     Ցավալի է, որ մարդկության դեմ իրագործվող այսօրինակ հանցագործությունները տակավին տեղ ունեն մեր կյանքում: Այսօր միջազգային տարբեր հարթակներից մենք լսում ենք կոչեր ու հորդորներ խաղաղ ու ապահով աշխարհի կառուցման մասին, մինչդեռ աշխարհի տարբեր կողմերում, հատկապես Մերձավոր Արևելքում, դաժանորեն խոշտանգվում ու սպանվում են հազարավոր մարդիկ, շատեր ստիպված լքում են իրենց բնակավայրերը, անխնա ոչնչացվում են պատմամշակութային հնադարյա արժեքները: Արդյո՞ք հնարավոր է խաղաղության կառուցումը առանց արդարության, առանց նախկինում կատարված հանցագործությունների դատապարտման ու հատուցման: Փաստերով վկայված իրողություն է, որ չդատապարտված հանցագործությունը ծնում է նոր՝ ավելի մեծ հանցագործություն: Որքա՞ն զոհեր խլեց ֆաշիզմը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին, որի առաջնորդները քաջալերված էին Հայոց Ցեղասպանության հանդեպ համընդհանուր մոռացությամբ: Որքա՞ն անմեղ մարդիկ են տառապում մեր օրերում ահաբեկչությունների պատճառով, որոնց կազմակերպիչները վստահ են իրենց անպատժելիության վրա:
     Մեր ժողովուրդը, որ վշտակից է մերօրյա պատերազմներից ու բռնություններից տուժված ժողովուրդներին, աննվազ նախանձախնդրությամբ պայքարելու է արդարության հաստատման համար, քանզի արդարության և համընդհանուր դատապարտման ճանապարհն է միայն, որ աշխարհը զերծ պիտի պահի նոր ցեղասպանություններից ու ոճրագործություններից:
     «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովը կարևոր մեկ քայլ է` քննարկումների միջոցով բարձրաձայնելու և առավել հանրայնացնելու մարդկության դեմ իրագործված հանցագործությունների հիմնախնդիրները: Մենք վերստին Մեր գնահատանքն ու բարեմաղթանքներն ենք հղում գիտաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներիդ` կարևորելով ձեր առաքելությունը ի նպաստ խաղաղ ու բարօր աշխարհի կառուցման:
     Առ Աստված աղոթքով հաջողություններ ենք մաղթում գիտաժողովի աշխատանքներին և հայցում, որ Տերն Ամենակալ խաղաղություն ու բարօրություն պարգևի բոլոր ազգերին ու ժողովուրդներին: