Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի Պապ Բենեդիկտոս ԺԶ-ին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտոս ԺԶ-ին ` ծննդյան 80-ամյա տարեդարձի առիթով:

«Մենք վստահ ենք, որ Ձեր առաջնորդությամբ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին իր բազմադարյա առաքելության ներկայիս ժամանակագրության մեջ կարձանագրի նոր հաջողություններ, եւ ջերմ ու եղբայրական հարաբերությունները Հայաստանյայց Առաքելական եւ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցիների միջեւ կշարունակեն զարգանալ: Մեր աղոթքն է, որ մեր Եկեղեցիների միջեւ համագործակցությունն ու բարեկամությունը առավել ամրապնդվեն այս նոր դարաշրջանում` մեր հավատացելոց սրտերում քրիստոնեական սիրո եւ եղբայրության ոգու զորացմամբ»,- ասված է Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձում:

Նորին Սրբությունը մաղթել է 80-ամյա Սրբազան Քահանայապետին քաջառողջություն եւ արդյունաշատ գահակալություն ի մխիթարություն հավատավոր իր հոտի եւ ի պայծառություն Կաթոլիկ Եկեղեցու: