Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Երուսաղեմի նորընտիր Հայոց Պատրիարքին
Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:
«… Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ուխտյալ եկեղեցականաց հավատարիմ ծառայությամբ դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում: Մեր հոգու հայցն է, որ Տիրոջ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու նախանձախնդիր պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի», - ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրի մեջ:
Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր Պատրիարքին` շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, և առավել զորացնի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն համայն հավատավոր հայ ժողովրդի: