Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նորընտիր նախագահին
Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից շնորհավորական գիր է հղել Տ. Քրիստոֆեր եպիսկոպոս Հիլին Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ ընտրվելու առիթով:
Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասված է. «…Ձեր ընտրությունը որպես Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ մի նոր իրեղեն առիթ է, որպեսզի Ձեր այս նոր հանգամանքում շարունակեք ծառայել Քրիստոսի Եկեղեցուն` նպաստելով նաև Հայ և Անգլիկան Եկեղեցիների եղբայրությանը:
Լիահույս ենք, որ Ձեր հարուստ փորձառությունը ներդնելու եք ավելի զորացնելու Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսը և նրա գործունեությունը` առավել արդյունավետ ծառայելու Եվրոպայի Եկեղեցիներին` նպաստելով Եկեղեցիների և տարբեր հասարակական ու պետական հաստատությունների երկխոսությանը, մարդկային խաղաղ և բարօր կյանքի կերտմանը Եվրոպայում և ողջ աշխարհում»: