Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Ասորի Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Պատրիարքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Իգնատիոս Աֆրամ Երկրորդին Ասորի Ուղղափառ Եկեղեցու 123-րդ Պատրիարք ընտրվելու առիթով, որն Ասորի Եկեղեցու հոգևոր պետին է հանձնել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է. «Ձեր ընտրությունը վկայությունն է Ասորի Ուղղափառ Եկեղեցում Ձեր նվիրյալ և ակներև սպասավորության: Մենք ճանաչում ենք Ձեզ որպես բարի և անձնդիր հոգևոր հովվի ու առաջնորդի, ով իր անձնական օրինակով փաստում է եղբայրության և բարեկամության կարևորությունը, խրախուսում տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչների միջև համագործակցությունը: Լիահույս ենք, որ Ձեր գահակալության ընթացքում Դուք` որպես արժանավոր առաջնորդ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու, Ձեզ վստահված հոտը կառաջնորդեք դեպի անվտանգ ու խաղաղ նավահանգիստ:
Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններն ամուր ու խորը արմատներ ունեն: Մեր երկու Եկեղեցիները քրիստոնեության վաղ շրջանից սկսած ոչ միայն միասին ծառայել են` քրիստոնեական աշխարհին պարգևելով հարուստ հայրաբանական, ծիսական և հոգևոր ժառանգություն, այլև ճակատագրակից են եղել` պայքարելով մեր ժողովուրդների արդար դատի և իրավունքների համար` մասնավորապես Առաջին Համաշխարհային պատերազմի, մեր ժողովուրդների դեմ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած ցեղասպանության հետ կապված:
Մեր երկկողմ համագործակցությունն ավելի բեղմնավոր է դարձել վերջին տասնամյակներին` մեր Եկեղեցիների առաջնորդների փոխայցելությունների, աստվածաբանների միջև երկխոսության և էկումենիկ ջանքերի մեջ մեր ընդհանուր ներգրավվածության շնորհիվ: Այսօր մեր մտքերն ուղղված են Սիրիայում խաղաղության վերականգնմանը. մի երկիր, որտեղ Հայ Եկեղեցու զավակները դարեր շարունակ խաղաղ ու արդյունավոր կյանք են ապրել Ձեր հոտի և այլ կրոնների ներկայացուցիչների հետ: Լիահույս ենք, որ Ձերդ Սրբությունն իր հայրապետական խնամքը կտարածի մեր Եկեղեցու զավակների վրա և համատեղ ջանքերով մենք կկարողանանք օգնել հաղթահարելու այս ճգնաժամը, վերջ դնելու բռնությանը և վերականգնելու խաղաղությունը տարածաշրջանում»:
Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակությունն առաջիկայում կմասնակցի Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր Պատրիարքի գահակալության արարողությանը: