Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին 14.03.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին

     Մարտի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Ա Պապին` Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:
     Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է.
     «Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս,
     Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջույնները և շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ և երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո և ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու:
     Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ:
     Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարևորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր և մեր նախորդների շրջանում` փոխադարձ այցերով,  կրթական և բարեսիրական բազում ծրագրերով:
     Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան և զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով` ի խնդիր մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջև երկխոսության և բարեկամության…»: